Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է. Նախարարը շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ
SocietyՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Շնորհավորելով բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նախարարը նշում է, որ այս օրն ավանդաբար նշվող բուժաշխատողի օրը միավորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գործընկերներին: Տոնն արդարացիորեն վերաբերում է ոչ միայն բուժաշխատողներին, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր բարձր են գնահատում սպիտակ խալաթ կրողի անձնվեր աշխատանքը:
«Ես երախտիքի խոսք եմ ուզում հղել մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ոլորտում աշխատող մեր գործընկերներին, ովքեր, բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով են կատարում աստվածահաճո իրենց առաքելությունը»,- ասվում է նախարարի ուղերձում:
Մուրադյանի խոսքով՝ բոլոր ժամանակներում կոչումով բժշկին բնորոշ է կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը: Անկեղծ կարեկցանքն արտահայտվում է ոչ միայն հիվանդի ցավը խորապես վերապրելով ու սրտի միջով անցկացնելով, այլև դրան զուգահեռ` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելով։
«Վստահ եղեք, որ յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է բնակչության առողջության պահպանման գործում: Բոլորիս քաջ հայտնի է, որ համակարգում ծառացած խնդիրները և մարտահրավերները հրատապ լուծումներ են պահանջում: Մենք միասին կարող ենք դրանք հաղթահարել ձեր արհեստավարժության, մարդասիրության և հայրենասիրության շնորհիվ: Այսօր, առավել քան երբևէ, համակարգի առջև ծառացած խնդիրները հնարավոր է լուծել համատեղ ջանքերով` հենվելով համաշխարհային առողջապահական և բժշկագիտական առաջավոր փորձի վրա: Անհ երքելի է, որ առողջապահության ոլորտի համաշխարհային զարգացումներում իրենց ուրույն տեղն ու ներդրումն ունեն նաև անվանի սփյուռքահայ բժիշկները»,- ասված է ուղերձում:
Այսօր մեծ կարևորություն է տրվում կանխարգելիչ միջոցառումներին, որակի հաստատման չափորոշիչներին` զերծ մնալով չակերտավոր կոլեգիալության դրսևորումներից: Նախարարն առանձնահատուկ շնորհավորում է այն բուժաշխատողներին, ովքեր տոնական այս օրն անցկացնում են վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում, հերթապահում են շտապբուժօգնության ծառայությունում` գտնվելով հիվանդի կողքին։
«Ուզում եմ առանձնացնել նաև ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության մասին: Հաշվի առնելով, որ հուլիսի առաջին օրերին Երևանում անցկացվելու է Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարը, որին կմասնակցեն հարյուրավոր աշխարհասփյուռ հայ բժիշկներ և բուժքույրեր` այս անգամ բուժաշխատողի օրը հանդիսավորությամբ կնշվի չորս տարին մեկ Հայաստանում կազմակերպվող լայնածավալ այս միջոցառման շրջանակում»,- եզրափակում է նախարարը: