ՀՀԿ-ական պատգամավորը գոհ է կազմակերպված բողոքի ակցիայից
InterviewԷլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիան նոր թափ է ստանում: Չնայած եղանակային շոգ պայմաններին, բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, շարունակում են կազմակերպված նստացույցը:
Հիշեցնենք, որ «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամները իշխանություններին տվել են երկու օր ժամանակ, եւ եթե մինչ այդ համապատասխան կառույցները հանդես չգան էլեկտրաէներգիայի սակագնի չբարձրացման մասին հայտարարությամբ, ապա ակցիայի մասնակիցները երկուշաբթի օրը կշարժվեն դեպի նախագահական:
Նկատենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների եւ լուսանկարների, ակցիայի մասնակիցներին Բաղրամյան 26-ում արդեն իսկ սպասում են, սակայն` ջրցան մեքենաներով եւ փշալարերով: Ստեղծված իրավիճակի եւ կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ.
«Մեզանից եւ ոչ մեկը չի ուզում, որ հոսանքը թանկանա, սակայն թե արդյո՞ք կազմակերպված ակցիաները կօգնեն, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա, չեմ կարող ասել, ավելի ճիշտ, խիստ կասկածում եմ»:
Կասկածի տակ դնելով Ազատության հրապարակում հավաքված անձանց հաղթանակը, ՀՀկ-ական պատգամավորը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք գոհ չեք կազմակերպված հանրահավաքից, պատասխանեց. «Մարդիկ բողոքում են եւ շատ ճիշտ են բողոքում: Կարեւորն էլ այն է, որ բողոքը եւ հավաքված անձանց քայլերը օրենքի եւ ՀՀ Սահմանադրության շրջանակներում լինի»:
Իսկ թե ինչու, դեմ լինելով հոսանքի գնի բարձրացմանը, պատգամավորն իր դեմքով չի ներկայանում Ազատության հրապարակ եւ պայքարում «բիբինյան արժեքների» եւ գնացուցակի դեմ, կանգնելով ակցիայի մասնակիցների կողքին, Համլետ Հարությունյանը նշեց. «Ես այս պահին քաղաքում չեմ եւ հետո ես բազմաչարչար ու պատկառելի տարիքի պատգամավոր եմ, որ ասում եմ, դեմ եմ, դա հերիք է, ինչ պարտադիր է գնամ ու ակցիային մասնակցեմ»:
Սոսե Չանդոյան