Վենետիկի հանձնաժողովը գոհ է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքից
SocietyՎենետիկի հանձնաժողովի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համատեղ աշխատանքից և ընդգծել հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը նշված ուղղությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից, նման հայտարարություն արել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն 103-րդ լիագումար նիստում, որի օրակարգում էր նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցը:
Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Վենետիկի հանձնաժողովը միանգամայն դրական է համարել այս փուլում իրականացված աշխատանքը, հավանություն տվել հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցին եւ երաշխավորել զեկուցողների խմբին հուլիսին տեղի ունենալիք քննարկումների արդյունքներով ամփոփ եզրակացություն ներկայացնել բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամ Կ. Տուորին, մասնավորապես, շեշտել է, որ փորձագիտական խումբը բացարձակապես դրական է գնահատում արդեն քննարկված սահմանադրական փոփոխությունները:
Նշյալ նիստի քննարկման առարկա է դարձել նաև Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ կապված դատական իշխանության նկատմամբ ձեռնարկվող զանգվածային ոտնձգությունների հետ։ Տվյալ հարցը քննարկվել էր նաեւ հունիսի 18-ին՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի նախօրեին կայացած Հանձնաժողովի բյուրոյի նիստում։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն լիագումար նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ Հանձնաժողովը թուրքական դատարաններից, դատախազներից եւ փաստաբաններից մեծաքանակ նամակներ է ստացել առ այն, որ վերջիններս հետապնդումների են ենթարկվում: Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի մասին օրենքում 2014թ. փետրվարին կատարված փոփոխությունների արդյունքում գործադիր իշխանությանը հսկայական լծակներ են ընձեռվել՝ միջամտելու դատական իշխանության գործառույթների իրականացմանը։
Քննարկումների արդյունքում Հանձնաժողովը հավանություն է տվել Բյուրոյի կողմից ներկայացրած հայտարարությանը, որով դատապարտվում է Թուրքիայում դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացվող ոտնձգությունները։
Գագիկ Հարությունյանը հունիսի 18-ին մասնակցել է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) բյուրոյի նիստին։ Հունիսի 19-ին եւ 20-ին ՍԴ նախագահը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին: