Նոր պատժամիջոցներ՝ նոր տարածքների դիմաց. ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «պատերազմը» երկարաձգվե՞ց
Analysis«New York Times» պարբերականը անդրադարձել է ԱՄՆ և ԵՄ՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի ձևավորմանը: Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները Ռուսաստանի Դաշնության դեմ մշակում են նոր, ավելի խիստ պատժամիջոցների փաթեթ: Նոր պատժամիջոցները թույլ կտան ԱՄՆ-ին և ԵՄ-ին արագ արձագանքել այն դեպքում, եթե «ռուսամետ ապստամբենրը» իրենց վերահսկողության տակ առնեն նոր տարածքներ:
Նախատեսվում է, որ պատժամիջոցները կարող են թիրախավորել նոր ոլորտներ, մասնավորապես.
• Ռուսական վառելիքի արտահանման կրճատում
• համաշխարհային ֆինանասական համակարգում ռուսական բանկերի բաժնեմասերի գործունեության նվազեցում
• միջազգային նախագծներում ռուսական ընկերությունների մասնակցության սահմանափակում:
ԱՄՆ պաշտոնյաներն առանձնանում են հարցի վերաբերյալ առավել կոշտ դիրքորոշմամբ: Վերջիններս կարծում են, որ իրավիճակի սրման պարագայում, պետք է հարվածել ռուսական «դուստր» ձեռնարկություններին, որոնք հիմնված են արտերկրներում:
Նման միջոցները կարող են հանգեցնել բիզնեսների կրճատման և սահմանափակման. «բարդ փոխհատուցվող» նավթի արդյունահանման, տեղափոխման և վաճառքի պլանները, որոնք կապված են Եվրոպա և Ասիա տարհանման հետ, կարող են խաթարվել:
http://www.nytimes.com/aponline/2015/06/18/us/politics/ap-us-russia-sanctions.html?_r=4
ԵՄ-ի Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչ Սյուզան Կիեֆերը հունիսի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Եվրամիության արտգործնախարարների մակարդակով խորհուրդը երկարացրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործողության ժամկետը 6 ամսով՝ մինչև 2016 թվականի հունվարի 31-ը: Որոշումը կայացվել է առանց քննարկման:
Ավելի վաղ ԵՄ-ն նաև որոշում է ընդունել երկարաձգել Ղրիմի և Սևաստոպոլի դեմ կիրառվող պատժամիջոցները մինչև 2016 թվականի հունիսի 23-ը: Պատժամիջոցները ներառում են Ղրիմում կամ Սևաստոպոլում արտադրված ապրանքների ներկրման, ինչպես նաև եվրոպական ներդրումների արգելք, արգելվում է նաև Ղրիմի ընկերությունների ֆինանսավորումը։
Պատժամիջոցների երկարաձգման գործընթացի շուրջ բանակցություններն ու խոսակցությունները զգալիորեն սրել են իրավիճակը ՌԴ-ԵՄ հարաբերություններում: Օրեր առաջ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան փոխադարձ քայլեր է ձեռնարկելու, եթե Եվրամիությունը որոշում ընդունի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու կամ ընդլայնելու մասին:
http://rusvesna.su/economy/1434713366
Հիշեցնենք, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, առաջին անգամ սահմանվել են 2014 թվականի հուլիս ամսին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզին բռնակցելուն և Ուկրաինայի արևելքի անջատականներին զինելուն։ Այդ պատժամիջոցները հիմնականում վերաբերում էին բանկային ոլորտին, զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումներին։ Արևմտյան կազմակերպություններին արգելվել է նաև տեխնիկայի և ապրանքների արտահանումը, որոնք Ռուսաստանի կողմից կարող են օգտագործվել նավթ արդյունահանելու և մշակելու համար։
Աննա Պետրոսյան