Նախագահը պատրաստ է լսել էլ.սակագնի բարձրացման դեմ պայքարողներին
SocietyԻնչպես նախապես հայտնել էին «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամները, Ազատության հրապարակում նստացույցի ավարտից հետո հավաքված հանրության հետ հաշվի չնստելու դեպքում պահանջատեր քաղաքացիները կշարժվեն դեպի Բաղրամյան 26՝ իրենց բողոքի ձայնը նախագահական նստավայրի մոտ բարձրացնելու:
Նշենք, որ այս պահին երթին մասնակցում են տարբեր տարիքային խմբերի մարդիկ, որոնցից մի քանիսի հետ զրուցեց Orer.am-ը: «Սա վիճակ չէ, որի մեջ գցել են մարդկանց»,- զրույցի ժամանակ նշեց 63-ամյա Անժելա Սահակյանը:
«Այս իշխանությունները մեզ պարզապես թալանում են, այն էլ՝ օրը ցերեկով: Արդեն ութը տարի է պայքարում ենք ու այսօր էլ ենք պայքարելու: Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, իսկ պետությունն ինձ տալիս է 37 հազար դրամ, հիմա դուք ինձ ասեք՝ ես այդ գումարով դե՞ղ առնեմ, թե` հաց: Փոխանակ լուծումներ տան, վիճակն ավելի են բարդացնում, ինչո՞ւ մարդկանց վիճակի մեջ չեն մտնում, թե՞ բոլորս պետք է Սուրիկ Խաչատրյանի պես լինենք, որ մեզ սիրեն ու մարդատեղ դնեն: Մարտի մեկի դիակները Սուրիկ Խաչատրյանը տարավ ու թափեց Զանգեզուրի ձորերը, դրա համար էլ իրեն բան չեն ասում այսօր, տվեց մեկի աչքը հանեց տղան, էն մյուս տղային սպանեցին, որ մեկն ասեմ: Հիմա ինչ, մենք էլ նրա նման լինենք, որ մեզ բանի տեղ դնեն»,- զայրույթով նշեց ակցիայի մասնակիցը:
Իսկ հանրահավաքի մեկ այլ մասնակից էլ` 65-ամյա Հենրի Սահակյանը, նշեց. «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, մենք ուզում ենք, որ ժողովրդի խոսքը հաշվի առնեն, այլապես էս հասակիս չէի հասնի Ազատության հրապարակ: Եթե րոպե առաջ ազատվեն այս իշխանություններից, փրկություն կլինի: Նրանք մեր ազգանունն են կրում, մեր լեզվով են խոսում, բայց մոնղոլ-թաթարներից էլ վատն են, որովհետեւ նրանք կործանում են ամբողջ Հայաստանը: Եթե պետք լինի, ես ինքս կզոհաբերվեմ, միայն թե ժողովրդի կարծիքը հաշվի առնեն: Ես կգնամ այդ քայլին, որ վաղվա երիտասարդները վատ օր չտեսնեն»:
Նկատենք, որ Բաղրամյան փողոցում տեղի ունեցող զարգացումները ոստիկանության անմիջական հսկողության տակ են: Ավելին` քիչ առաջ երթով առաջ շարժվող ակտիվիստներին Վալերի Օսիպյանը հայտնեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել 3 ակտիվիստի և լսել նրանց:
Սոսե Չանդոյան