Զարգացման հիմնադրամում քննարկել են «Չեխական ավիաուղիների» Հայաստան մուտքն ապահովելու հարցը
SocietyՉեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը հունիսի 22-ին հանդիպել է «Չեխական ավիաուղիների» տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինկակի և առևտրային տնօրեն Ջան Թոթի հետ՝ քննարկելու համար հայաստանյան շուկայում գործունեությունը վերսկսելու վերաբերյալ մանրամասները:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, չեխական ավիաընկերության ղեկավարներին ներկայացվել են «Բաց երկնքի» քաղաքականության ընձեռած հնարավորությունները, որոնք թույլ են տալիս դեպի Հայաստան և այստեղից ցանկացած ուղղությամբ իրականացնել անսահմանափակ քանակի թռիչքներ:
Քննարկվել են դեպի Հայաստանի շուկա չեխական ավիաընկերության մուտքն ապահովելու վերաբերյալ մի շարք հարցեր: Իսկ ավիաուղիների ղեկավարները ներկայացրել են Հայաստանի շուկա մուտք գործելու վերաբերյալ իրենց գործարար-առաջարկը:
Ավելի ուշ հիմնադրամի գործադիր տնօրենի ուղեկցությամբ «Չեխական ավիաուղիների» ղեկավարները հանդիպումներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրենների հետ: