Վահրամ Բաղդասարյանը Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողություններում օրենքի խախտում չի տեսնում
SocietyԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան ցրելու ընթացքում ոստիկանության գործողություննորը եղել են օրենքի սահմաններում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ոստիկանությունը գործել է օրենքի տառին համապատասխան և չի անցել իր լիազորությունների սահմանները: «Ոստիկանությունն ամբողջ ընթացքում հորդորել է քաղաքացիներին դադարեցնել անօրինական գործողությունները, իսկ քաղաքացիներն այդ կոչն անտեսել են: Ոստիկանության գործողությունները եղել են օրենքի սահմաններում: Եթե եղել են խնդիրներ, կարծում եմ, համապատասխան մարմինները դրանով կզբաղվեն»,- նշեց Բաղդասարյանը:
Նա հիշեցրեց նաև, որ ակցիայի մասնակիցները հրաժարվել են հանրապետության ղեկավարի հետ հանդիպելու առաջարկից, ինչպես նաև չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, ինչի արդյունքում էլ այդ միջադեպը եղել է:
Հասարակական կարգը խախտելու համար հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից եւ Օպերային հարող տարածքից 237 քաղաքացի տարվել է ոստիկանության տարբեր բաժիններ: ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են: Ոստիկանությունը ջրցան մեքենայի օգնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների հավաքը: