«Չիրագովի» հայցով Ադրբեջանը փորձել է լուծել բոլորովին ոչ գույքային և նյութական խնդիր. Լեւոն Գեւորգյան
Interview«Չիրագովի» հայցը՝ գույքային իրավունքների մասին գործ է, սակայն հասկանալի է, որ Ադրբեջանը, ֆիզիկական անձանց միջոցով, փորձել է լուծել բոլորովին այլ խնդիր: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման մեկնաբանություն է արել փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի՝ «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» հայցերով ընդունած որոշումներին: Փորձագետի խոսքով՝ նյութական, գույքային վնասների փոխհատուցումը, իրականում, երկրորդական խնդիր է:
«Ադրբեջանի համար առաջնայնությունն այն էր, թե ինչպես է Եվրոպական դատարանը հասնելու այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունն է պատասխանատու գույքային իրավունքների խախտման համար և պարտավոր է փոխհատուցել: Խնդիրն այն է, որ այս եզրակացության գալու համար, դատարանը պետք է հանգեր հավանական լուծումներից մեկին, որի միջոցով պետությունները պատասխանատվություն են կրում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունենում իրենց՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս: Ցավոք, վատագույն մոդելը, որին Եվրոպական դատարանը կարող էր հանգել այն էր, որ Հայաստանը և ԼՂՀ-ն ինտեգրված սուբյեկտներ են, այսինքն՝ դատարանը բացառեց ԼՂՀ անկախ իրավասուբյեկտության հարցը, փաստացի արձանագրելով ԼՂՀ-ի՝ դե ֆակտո Հայաստանի կողմից կառավարման փաստը»,-նշել է նա:
Ինչ վերաբերում է «Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» հայցին, ապա Գեւորգյանը նկատում է, որ այս գործը մի կողմից լինելով հակակշիռ գույքային, նյութական իրավունքների տեսանկյունից , որևէ կերպ չի կարող հակակշիռ լինել քաղաքական տեսանկյունից: Սարգսյանների գործով արձանագրվում է, որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում կան տներ, հողեր, որոնք պատկանում են էթնիկ հայերին, որտեղ տվյալ անձինք մուտք չեն կարողանում գործել, և Ադրբեջանը պարտավոր է հատուցել: «Հատուցման պարտականությունն արձանագրված է երկու գործերում, սակայն այն, թե ինչպես է այդ եզրակացության հանգում դատարանը, վտանգավոր և վնասակար է Հայաստանի Հանրապետության համար: Մինչդեռ «Սարգսյանի գործը», բացի տնտեսական հետևանքներից, Ադրբեջանի համար ոչ մի էական նշանակություն չի կարող ունենալ»,-ընդգծել է փաստբանը:
Բանախոսը լիահույս է, որ Հայաստանում գիտակցում են այս որոշման վտանգավորության աստիճանը եւ ակնկալում է, որ կլինեն համապատասխան հայտարարություններ: «Այն, ինչ տեսնում ենք մինչև օրս, վկայում է, որ կամ չենք գիտակցում դրա վտանգավորությունը, կամ առնվազն փորձում ենք ձևացնել, որ որևէ լուրջ բան տեղի չի ունեցել»,- նկատել է նա:
ՄԻԵԴ-ի որոշման բողոքարկման մոդել չկա, որովհետև այն ընդունվել է դատարանի Մեծ պալատի կողմից: Միջազգային իրավունքի մասնագետն իրավական տեսանկյունից սա բարդ խնդիր է համարում և միաժամանակ կարծիք հայտնում, եր Եվրոպական դատարանն այս վճռով, որոշ չափով, շեղվել է իր դատական պրակտիկայից: «Եվրոպական դատարանի համար, որպեսզի պետությունը ճանաչվի պատասխանատու Եվրոպական կոնվենցիայի խախտման համար, նախ և առաջ առաջնային կարևորություն ունի իրավազորության փաստի հաստատումը: Դատարանն ասում է, որ պետությունը պատասխանատվություն է կրում իր տարածքից դուրս իրականացված գործողությունների համար այն ժամանակ, երբ փաստացի վերահսկում է իր տարածքում գտնվող ինչ-որ շրջաններ»,-պարզաբանել է նա: Այնուհանդերձ, Գեւորգյանը նկատում է, որ երբ խոսքը պետությունների պատասխանատվության մասին է՝ առաջնային կարևորություն ներկայացնում է ՄԱԿ-ի միջազգայի դատարանի պրակտիկան: «Եթե ուշադիր նայենք, միջազգային դատարանի պրակտիկան, իրականում, մեր օգտին է: Հայաստանի հարցը երբեք չի բարձրացվել,սակայն քննարկվել են նմանատիպ այլ իրավիճակներ»,-եզրափակել է նա: