Հեղինե Բիշարյանը կառուցողական է համարում Բաղրամյան պողոտայի դեպքերի քննարկումը ԱԺ նախագահի մոտ
SocietyԱզգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կառուցողական է բնորոշում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
«Մենք քննարկման ընթացքում շատ ավելի կառուցողական եզրակացության եկանք, որովհետև մեզ համար առաջին հերթին կարևոր է, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվել, ազատ արձակվեն: Եվ հիմա պարոն Սահակյանի գլխավորությամբ հաղորդումների և ինֆորմացիայի արդյունքում, կարծում եմ, որ 2-3 ժամվա ընթացքում մեր բոլոր հայրենակիցներն ազատ կարձակվեն: Սա առաջին քայլն է»,- նշեց Բիշարյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե առաջնահերթ խնդիրն այն է, որ քաղաքացիները բաց թողնվեն: Նա կարևորեց, որ շարժումը կուսակցականացված չէ ու նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի քաղաքացիական հասարակությունը չկոտրվի: Պատգամավորի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ հանրային քննարկումները բավարար չեն եղել և ավելի լայն քննարկումներ պետք է անել:
Ազգային ժողովի նախագահի մոտ կայացած քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությոնւների ներկայացուցիչները՝ բացի ՀԱԿ-ից: