Արմավիրում գրանցված աղիքային վարակների դեպքերն ու երեխայի մահվան դեպքն իրար հետ կապված չեն
SocietyԱրմավիրի մարզում աղիքային վարակով երեխաների հոսպիտալացման դեպքերը միմյանց հետ կապ չունեն:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը: «Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև դեպքերի աշխարհագրական տարածվածությունը, անջատված հարուցիչների և հիվանդների կլինիկական ախտանիշների բազմազանոթյունը վկայում են այն մասին, որ դեպքերը միմյանց հետ համաճարակաբանական կապ չունեն, դրանք դիտարկվում են որպես աղիքային վարակիչ հիվանդությունների առանձին դեպքեր»,- ասաց Նունե Բակունցը:
Նրա խոսքով` աղիքային վարակիչ հիվանդությունները տարածված են ամենուր և արձանագրվում են տարվա բոլոր եղանակներին: «Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են սննդի, ջրի, սպասքի և այլ իրերի, կեղտոտ ձեռքերի և նույնիսկ ճանճերի միջոցով: Համեմատելով աղիքային վարակների հիվանդացությունն ըստ ամիսների` պարզ է դառնում, որ 2014-2015 թթ. հիվանդացությունը սկսել է աճել մարտ ամսից, որը բնականոն սեզոնային աճ է»,-նշեց բժշկուհին` հավելելով, որ Արմավիրի մարզում հոսպիտալացումն այս պահին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի պատկերից չի տաբերվում, պատկերը նույնն է նաև մյուս մարզերում: «Մենք բոլոր մարզերում էլ որոշակի աղիքային հիվանդներ ունենք, որոնք հիվանդանոց են ընդունվում, եւ թիվը էականորեն չի տարբերվում` ըստ մարզերի: Արմավիրում մահվան դեպք ունեինք, դրա համար էլ ուշադրությունը սևեռվեց Արմավիրի վրա»,-նշեց Նունե Բակունցը:
Բանախոսը հավաստիացրեց, որ 4-ամյա աղջնակի մահվան և ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղայի դեպքերը իրար հետ կապ չունեն: «Մահացած երեխայի հետ կապված ողջ դատաբժշկական տեղեկատվությունը քննության ներքո է, իրենք կհրապարակեն: Կոմայի մեջ գտնվող երեխան ունեցել է առողջական ծանր խնդիրներ` անկախ վերջին վարակից: Նա երկարատև բուժման է երթարկվել, այս անգամ էլ իր մոտ հայտաբերվել է դիզինտերիա»,-հայտնեց Նունե Բակունցը:
ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը մայրիկներին, տատիկներին կոչ արեց պահպանել սնվելու մշակույթը: Նրա խոսքով` ամռանը աղեստամոքսային տրակտը բավական ծանրաբեռնված է աշխատում: «Այդ յուրացումները, օգտակար միկրոէլեմենտների ներծծումները շատ դժվար են իրականանում, պետք չէ ավելի ծանրաբեռնել: Հնուց եկող ավանդույթներ կան, որ պետք չէ կիրառել: Չգիտես ինչու, մեզ մոտ ընդունված է ամռանը գնալ Գառնիի ձոր և Սևանա լիճ ու խոզի խորոված ուտել: Ես խորհուրդ կտամ հաց, պանիր, պոմիդոր ուտել այդ ժամանաÕ ¯»,-նշեց Արա Ասոյանը` հավելելով, որ պետք է զերծ մնալ փողոցում արևի ճառագայթների տակ վաճառվող սննդամթերքից:
Բժիշկները հայտնեցին, որ ներկայում համաճարակային իրավիճակը վերահսկելի է: Աշխատանքները շարունակվում են:
2015 թվականի հունիսի 16-ից Արմավիրի մարզում արձանագրվել էին աղիքային վարակների դեպքեր: Աղիքային գանգատներով Ջրաշեն համայնքից Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված 4-ամյա աղջնակը մահացել, իսկ նույն օրը Նորապատ համայնքի 5-ամյա մի տղա, աղիքային գանգատներով և ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: