Միյատովիչին մտահոգել է հայ իրավապահների վերաբերմունքը լրագրողների նկատմամբ
SocietyՄամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը քննադատել է Հայաստանի մայրաքաղաքում հասարակական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունները լրագրողների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: «Մեդիան իրավունք ունի լուսաբանելու հանրային իրադարձությունները, և լրագրողները պետք է կարողանան հաղորդել ազատորեն և անվտանգ` առանց հետապնդումների և սպառնալիքների վախի»,- նշել է Միյատովիչը` ընդգծելով, որ լրագրողների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի: Հիշատակելով հայկական մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և նրանց սարքավորումներին պատճառած վնասները` ԵԱՀԿ ներկայացուցիչը շարունակել է. «Ես կոչ եմ անում իշխանություններին հետաքննել այս դեպքերը և քայլեր ձեռնարկել` լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից զսպվածություն ապահովելու նպատակով»:
Հասարակական կարգը խախտելու համար հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից և Օպերային հարող տարածքից 237 քաղաքացի տարվել է ոստիկանության տարբեր բաժիններ: Բերման ենթարկվածների թվում եղել են նաև լրագրողներ, ովքեր ազատ են արձակվել: