Ռուսաստանում շատ մեծ է ծիրանի պահնաջարկը, արտահանման հետ կապված խնդիրներ էլ չկան. Գյուղատնտեսության նախարար
SocietyՀայաստանից այս տարի արդեն արտահանվել է շուրջ 30 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 5500 տոննայով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ներկայացնելով Հայաստանից գյուղմթերքի արտահանումների վիճակը:
«Վերջին երեք օրերին օրական 1000 տոննա ծիրան է դուրս գալիս երկրից, և ինձ թվում է` այս ծավալները դեռ կավելանան: Ընդհանուր առմամբ մինչ օրս արտահանվել է 5500 տոննա ծիրան: Ծիրանի գինը գոհացնում է գյուղացուն, իսկ Ռուսաստանում պահանջարկը շատ մեծ է»,- Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ասաց նախարար Կարապետյանը:
Խոսելով ծիրանի վերամշակման մասին` նախարարը հայտնեց, որ վերամշակման համար մթերումները դեռ չեն մեկնարկել: «Կարծում եմ, վերամշակման համար ծիրան շատ քիչ կմնա: Բայց մի քանի օրից կսկսվի վերամշակման գործընթացը»,- հավելեց Սերգո Կարապետյանը:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն էլ նշեց, որ արդեն 8-րդ օրն է, ինչ մեկնարկել է բերքահավաքը: «Բերքատվությունն այս տարի բարձր է, և որակն էլ է լավը: Խնդիրներ չեն եղել ջրի և պարարտանյութերի հետ կապված, հետևաբար գյուղացիներն էլ են գոհ»,- ասաց նա:
Մարզպետի խոսքը հաստատեց այգետեր Գևորգ Նազարյանը, ում խոսքով` նախորդ տարվա ցրտահարությունից հետո այս տարի ծիրանի լավ բերք կա: «Անցյալ տարի 5 հեկտար դաշտից քաղել եմ ընդամենը մի քանի հատ ծիրան, ողջ բերքն ավերվել էր: Այս տարի հույս ունեմ մինչև 60 տոննա ծիրան ստանալ»,- ասաց նա: Այգետերը նշեց, որ ծիրանի բերքը արտահանում է սեփական միջոցներով, քանի որ արտահանող կազմակերպություններն ավելի քիչ են վճարում: