«Սանիտեկ» ընկերությունը սրտացավ է իր աղբամանների համար
SocietyԻնչպես հայտնում է Orer.am-ը, Բաղրամյան պողոտայում վիճակն այս պահին փոքր ինչ անհասկանալի է. այստեղ է գտնվում երեկ ողջ գիշերն ակտիվիստների հետ անցկացրած նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով ակցիայի կազմակերպիչներին կոչ է անում գրավոր եւ հստակ ձեւակերպմամբ ներկայացնել իրենց պահանջները. «Գրեք հստակ, թե ինչ եք ուզում ու տվեք մեզ, մենք ու Նիկոլ Փաշինյանը կզբաղվենք դրանով»:
Նշենք, որ նախաձեռնության անդամները համաձայն չեն առաջարկի հետ. «Մինչեւ այսօր մեր պահանջները նույնն են եղել, դրանք լուսաբանվել են առաջին օրվանից տարբեր լրատվամիջոցներով, ո՞րն է իմաստը մեր պահանջները գրավոր ներկայացնելու»,-զարմացած հարցնում են ակցիայի մասնակիցները:
Զրույցի ժամանակ Խ.Սուքիասյանը ասաց, որ պայքարը ընթանում է մի քանի օր, որի ընթացքում տեղի են ունեցել տարբեր զարգացումներ, ուստի ճիշտ կլինի, որ, այնուամենայնիվ, պահանջները ներկայացվեն գրավոր:
Արդյո՞ք մասնակիցները կհամաձայնվեն անցնել թղթաբանության, ցույց կտա ժամանակը, իսկ այժմ նշենք, որ ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանության հետ որպես պատնեշ օգտագործվող աղբամանները փորձում են տարհանել «Սանիտեկ» ընկերության ներկայացուցիչները, ում էլ պատկանում են դրանք:
Հավաքված քաղաքացիների հետ բանակցությունների արդյունքում երկու կողմերը եկել են համաձայնության` աղբամաններից մի քանիսը կվերադարձվեն «Սանիտեկ» ընկերությանը:
Հարկ է նկատել, որ ցուցարարների կողմից դեպի Բաղրամյան փողոց տարված եւ կենտրոնական հատվածում դրված աղբամանները մինչ այս պահը չեն վնասվել, չեն կոտրվել, դրանք դրված են գետնին եւ իրար են ամրացված ամուր թելերով:
«Սանիտեկ» ընկերության աշխատակիցներին հարկ ենք համարում հիշեցնել, որ Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ, եւ պահանջատեր հանրությունը չունի որեւէ միտում վնաս հասցնել ո՛չ հավաքված սադրիչներին, ո՛չ ոստիկաններին, եւ ո՛չ էլ աղբամաններին:
Իսկ Orer.am-ի ընթերցողներին տեղեկացնենք նաեւ, որ մինչ այս պահը դեպի Բաղրամյան պողոտա մարդկանց հոսքը չի դադարում, ավելին՝ երեկոյան ժամը 20.00-ին նրանց թիվը կկրկնապատկվի ու կեռապատկվի:
Սոսե Չանդոյան