Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում հարգեցին Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հիշատակը
SocietyԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում մանկավարժները, աշակերտները եւ մի խումբ ծնողներ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակին:
Ինչպես տեղեկացրեց Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լեւոն Գալստյանը, իրենց կրթական հաստատության շենքը հիմքից կառուցվել է անվանի բարերարի միջոցներով, որի արժեքը կազմել է 2 միլիոն ԱՄՆ դոլար, ինչի շնորհիվ էլ Մարտունի քաղաքի դպրոցներից մեկն այսօր ունի կրթության ամենաարդիական պայմանները: Մեծանուն բարերարի հիշատակը հարգելու համար դպրոցում ստեղծվել է սգո անկյուն, որտեղ տեղադրվել է Քըրքորյանի մեծադիր լուսանկարը եւ որտեղ ծաղիկներ են խոնարհել դպրոցը « մանկավարժներն ու աշակերտները, ծնողները: Հարգանքի տուրքին են միացել նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մասնագետ Վարազդատ Շառոյանը, Մարտունու տարածքի համայնքների մի շարք դպրոցների տնօրեններ: Ներկայացվել է Քըրքորյանի կյանքն ու գործը, փառաբանվել նրա անունը: «Քանի կանգուն կլինի մեր դպրոցական շքեղ շենքը եւ սերունդներն այնտեղ կգան սովորելու, կապրի Քըրքորյանի անմար անունը: Նրան Մարտունու ժողովուրդը մեկ այլ մեծագործությամբ էլ պարտական կմնա`Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի կառուցման համար, ինչի արդյունքում մեր քաղաքը կապվեց Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի հետ` աշխուժացնելով առեւտրատնտեսական կապերը:Քաղաքի բոլոր մարդկանց անունից խոնարհվում ենք մեր բարերարի սուրբ հիշատակի առաջ»,-նշեց դպրոցի տնօրենը: