Սիրիայի և Լիբանանի քաղաքացիները հնարավոր է արտերկրում ՀՀ անձնագիր ստանան մինչև 2017 թվականը
SocietyՍիրիայի և Լիբանանի քաղաքացիները հնարավոր է ՀՀ անձնագիր ստանան արտերկրում մինչև 2017 թվականի հունվարը: Լրագրողների հետ զրույցում հունիսի 25-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Շուտով ես ևս մի որոշման նախագիծ պետք է կառավարություն մտցնեմ: Մենք սիրիահայերի համար կառավարության որոշումները որոշակի ժամկետով էինք սահմանել: Ժամկետը շուտով կլրանա, բայց սիրիական հիմնախնդիրը լուծված չէ: Մեր նախագիծն անձնագրերը Սիրիայում և Լիբանանում հանձնելու վերաբերյալ է: Ընդհանրապես կարգ է, որ բոլորը պետք է Հայաստանում անձնագիր ստանան: Մենք այս երկու երկրի համար արտոնություն ենք արել մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը: Հիմա պետք է երկարաձգենք գոնե մինչև 2017 թվականի հունվար»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի խոսքով՝ կառավարությունը և պետությունը փորձում են ամեն ինչ անել հայրենակիցների խնդիրները կարգավորելու համար:
Անձնագրերը քաղաքացիները կկարողանան ստանալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից կամ հյուպատոսական հիմնարկներից: