ՄԱԿ-ը կոչ է արել Հայաստանին հետաքննել լրագրողների դեմ կիրառված բռնությունները
SocietyՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Ռավինա Շամդասանին իր մտահոգությունն է հայտնել Երևանում հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման առնչությամբ բողոքի ցույցերի ժամանակ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ցուցարարների՝ այդ թվում և լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու փաստի առնչությամբ: Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից, Շամդասանին կոչ է արել իշխանություններին շտապ և մանրազնին հետաքննել կատարված դեպքերը:
«Քանի դեռ երկրում շարունակվում են բողոքի ցույցերը, ՀՀ կառավարությունը պետք է երաշխավորի ոստիկանների կողմից ցույցերի վերահսկման գործողությունների խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին և չափանիշներին՝ ներառյալ Իրավապահ մարմինների վերաբերյալ ՄԱԿ-ի վարքականոնը և Իրավապահ մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները»,- նշվում է մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակի հայտարարության մեջ:
Շամդասանին ողջունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որն արտահայտում է «Հայաստանում ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության մասին» կառավարության ստանձնած հանձնառությունը։ «Մենք հորդորում ենք կառավարությանը բողոքի ցույցերի նկատմամբ իրականացվող գործողություններում հարազատ մնալ այս հանձնառությանը, ինչպես նաև կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնությունից»,- նշել է նա: