Մայքլ Ջեքսոնի թիկնապահները բացահայտում են աստղի անձնական կյանքի հետաքրքիր մանրամասները. 6 տարի առանց Ջեքսոնի
LifestyleBlognews.am-ը գրում է.
2009թ․ի հունիսի 25-ին՝ 6 տարի առաջ այս օրը, փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մահվան լուրը ցնցեց ողջ աշխարհը։ Դրանից ի վեր շատերը փորձեցին հասկանալ Ջեքսոնի ապրած վերջին տարիները, սակայն քչերն էին, որ հնարավորություն ունեին ականատես լինելու աստղի ապրած կյանքին։ Այդ քչերից էին Ջեքսոնի անձնական թիկնապահներ Բիլ Ուայթֆիլդն ու Ջևոն Բիրդը, ովքեր հասցրեցին ծառայել Ջեքսոնին 2006թ․ի դեկտեմբերից մինչև նրա կյանքի վերջ։
Իրենց հեղինակած «Remember The Time: Protecting Michael Jackson In His Final Days» գրքում Ուայթֆիլդն ու Բիրդը անդրադարձել են Ջեքսոնի կյանքի վերջի տարիներին՝ բացահայտելով նրա անձնական կյանքի հետաքրքիր մանրամասները։
Մենք Մայքլ Ջեքսոնի անձնական անվտանգության թիմում աշխատելու պատիվ ունեինք նրա կյանքի վերջին երկուսուկես տարիների ընթացքում։ Այս ընթացքում մենք ճանաչեցինք բարի ու առատաձեռն մարդու և սիրող հոր, ով բոլորովին այլ կերպար ուներ, որը տարբերվում էր լրատվամիջոցներում պատկերված նրա կերպարից։

Ձեզ ենք ներկայացնում Ջեքսոնի մասին Ուայթֆիլդի և Բիրդի հետաքրքիր բացահայտումներից մի քանիսը։
1 Գաղտնի սիրուհիները
«Ջեքսոնը առնվազն երկու գաղտնի ընկերուհիներ ուներ, ովքեր ապրում էին արտերկրում։ Ջեքսոնը նրանց գաղտնի էր պահում ընտանիքից ու իր մենեջերներից և նույնիսկ իր երեխաներից։ Միայն մենք երկուսս էինք տեղյակ նրանց մասին, սակայն նույնիսկ մենք նրանց իրական անունները չգիտեինք։ Ջեքսոնը նրանց «Ընկեր» և «Ծաղիկ» էր անվանում»։
2 Գաղտնալսվելու վախը
Մայքլ Ջեքսոնն ապրում էր գաղտնալսվելու վախով։ Մինչև հյուրանոցային որևէ համարում տեղավորվելը նա պահանջում էր ստուգել ու «մաքրել» սենյակը ամեն տեսակ տեսանկարահանող ու ձայնագրող սարքերից։ Եթե նա կասկածեր, որ սենյակում գաղտնալսող սարքեր կան, նա կարող էր պահանջել փոխել այն։ Նա նաև հետևում էր, որ վարձվող մեքենաներից հանվեին բոլոր տեսանկարահանող սարքերը։ Սա պարզապես պարանոյա չէր. 2003թ․ին իր իրավաբանի հետ իր անձնական երկխոսությունը ձայնագրվել էր առանց նրա իմացության ու վաճառվել լրատվամիջոցներին։
3 Պառակտված ընտանիք

2007թ․ից ի վեր նա գրեթե չէր շփվում ընտանիքի անդամների հետ, բացի մորից։ Մայրը կարող էր միշտ այցելել նրան, երբ ցանկանար, սակայն ընտանիքի մյուս անդամները՝ նույնիսկ Ջանեթը, այցելելուց առաջ պետք է նախապես պայմանավորվեին նրա հետ։ Երբեմն նրա հայտնի ընտանիքի անդամներն այցելում էին՝ ներխուժելով անվտանգության դարպասներից ներս, սակայն Ջեքսոնը նրանց միևնույն է չէր ընդունում։
4 Գրքամոլ
Մայքլը չափազանց հայտնի էր՝ տանից հաճախ դուրս գալու համար։ Նա իսկական գրքամոլ էր, և սիրում էր ազատ ժամանակն անցկացնել ընթերցանությամբ։ Նա սիրում էր կարդալ ամենատարբեր ժանրի գրքեր։ Մի անգամ գրախանութ այցելելով նա 5000 դոլար ծախսեց գրքերի վրա։
2007թ․ին Լոս Անջելես այցելության ժամանակ նա մի հին գրախանութ այցելեց, որն այնքան էր հավանել, որ տեղում 100,000 դոլար առձեռն գումարով գնեց այն։
5 Դասականի արքա
Հնարավոր է Ջեքսոնը հայտնի է որպես «Փոփի արքա», սակայն նա գրեթե բացառապես դասական երաժշտություն էր լսում։ Բախ, Բեթովեն, Չայկովսկի. սա էր նրա մեքենայում ու տանը հնչող երաժշտությունը։
6 Լրատվամիջոցներից խուսափելը
Իր կյանքի վերջին տարիներին Ջեքսոնը բառացիորեն խուսափում էր աշխարհից։ Ջեքսոնը հեռուստացույց չէր դիտում, չէր օգտվում համացանցից ու ամսագրեր չէր կարդում։ Էլեկտրոնային փոստ ուղարկելու համար նա իր թիկնապահներին էր դիմում դա իր փոխարեն անելու համար։ Միակ լրատվամիջոցը, որին հետևում էր Ջեքսոնը «The Wall Street Journal»-ն էր, որը նա կարդում էր ամեն օր, քանի որ գրեթե անհավանական էր, որ նա իր անձնական կյանքի մասին որևէ հոդված կկարդար այստեղ։
7 Բասկետբոլ
Ջեքսոնը սիրում էր ազատ ժամանակն անցկացնել բասկետբոլ խաղալով։ Նա կարող էր ամեն օր մի քանի ժամ անցկացնել գնդակը ցանց նետելով։ Սա նրա համար հանգստանալու և լիցքաթափվելու միջոց էր։
Մինչ այսօր էլ Ջեքսոնի երկրպագուները հավատացած են, որ իրենց կուռքը չի մահացել։ Թերևս նրանք ճիշտ են, չէ՞ որ Ջեքսոնն անմահ է իր ստեղծագործություններով։