Դիրաբեիքիրի հայկական եկեղեցում համասյանական մշակմամբ հնչել են հայ հոգևոր երգերը
CultureԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում հայտնի հայ երաժիշտ, ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի նախաձեռնած «Լոյս ի լուսոյ» համերգաշարի հերթական ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ինչպես հաղորդում է թուրքական evrensel.net-ը, մեծ թվով մարդիկ եկեղեցու ներսում հնարավորություն են ունեցել ունկնդրելու հայկական հոգևոր երգերը՝ շարականներն ու տաղերը Համասյանի դաշնամուրային մշակմամբ:
Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսում Համասյանի և Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի ելույթը տևել է ավելի քան մեկ ժամ:
Ժամանակակից Թուրքիայի տարածքում «Լոյս ի լուսոյ»-ի համերգաշարի մեկնարկը տրվել էր հունիսի 21-ին` պատմական հայկական մայրաքաղաք Անիում տեղի ունեցած համերգով: Հունիսի 23-ին համերգը կայացել էր Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու առջև: Հունիսի 27-ին այն կշարունակվի Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում, հունիսի 29-ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի հայկական եկեղեցում: Նախագծի ավարտը Թուրքիայում տեղի կունենա հունիսի 30-ին Ստամբուլում` ջազային փառատոնի շրջանակում:
«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը մեկնարկել է ապրիլի 24-ին: Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները հնչել են աշխարհի տարբեր երկրներում: Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում: Բոլոր համերգները տեսագրվելու և ամփոփվելու են մեկ վավերագրական ֆիլմում: Համերգի ընթացքում հնչում են բացառապես հոգևոր երգերˋշարականներ ու տաղեր՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: 5-19-րդ դարերի հայ հոգևոր երաժշտությունը նոր շունչ է ստացել Համասյանի թարմ, երիտասարդական և ունկնահաճո մեկնաբանության միջոցով: