Մշակույթի նախարարությունը կառավարությանը կներկայացնի Հնագիտության զարգացման տասնամյա ծրագիրը
SocietyՀնագիտության զարգացման տասնամյա ծրագիրը մինչև հուլիսի 1-ը Մշակույթի նախարարությունը կներկայացնի կառավարությանը: Այս մասին հունիսի 26-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
«Ծրագրի մշակումը իրականացվել է ոլորտի գիտական հաստատությունների հետ: Մեր գիտական ներուժը բավականին լուրջ է թե՚ տարածաշրջանի, թե՚ ավելի լայն մասշտաբներով: Սակայն, անհրաժեշտություն կա նոր որակյալ կադրերի ներգրավման, և հնագիտության զարգացման ծրագիրն ուղղված է նոր կադրերի պատրաստմանը, ենթակառուցվացքների զարգացմանը: Հույս ունենք, այս ծրագրի շնորհիվ ստեղծել Ուրարտագիտության կենտրոն, որը, լինելով միակը տարածաշրջանում, կլինի նաև հայագիտության կարևորագույն կենտրոն, - ընդգծեց Արև Սամուելյանը:
Մշակույթի նախարարի տեղակալը նշեց, որ 2014թ. Հայաստանում տրվել էր պեղման 66 թույլտվություն, և տարեցտարի պեղումների ծավալները աճում են 10%-ով, ինչը տեղի է ունենում արտասահմանյան գիտնականների հետ համագործակցության ծրագրերի ավելացման արդյունքում:
«Պեղման թույլտվությունը տրվում է միայն հայկական կողմին, որի հետ համագործակցում է նաև օտարերկրյա արշավախումբը, սակայն աշխատանքների իրականացման պատասխանատվությունը կրում է հայկական կողմը: Իսկ այն ամենը, ինչ գտնվում է հայոց հողում, մնում է Հայաստանում», - նշեց Արև Սամուելյանը:
Մշակույթի նախարարի տեղակալը Հայաստանի նկատմամբ արտասահմանցի հնագետների հետաքրքրության բարձրացման պատճառներից է համարում վերջին տարիների ընթացքում մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական ընթացքները, երբ մի շարք երկրներ, որտեղ արտասահմանցի գիտնականները հետաքրքրություն են ունեցել կատարելու իրենց ուսումնասիրությունները, այժմ փակ են հայտնի պատճառներով: Դրանք են՝ Սիրիան, Թուրքիան, Իրանը, Իրաքը: