Տասնմեկ տարում Հայաստանում վերականգնվել է շուրջ 68 հուշարձան
SocietyՏասնհինգ տարվա դադարից հետո առաջին անգամ պետական հուշարձանների համար ֆինանասավորում է հատկացվել 2004թ. և առ այսօր Հայաստանի տարածքում վերականգնվել է շուրջ 68 հուշարձան. այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է շուրջ 4 միլիարդ դրամ: Այս մասին հունիսի 26-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
«Կապված համաշխարհային տնտեական ճգնաժամի հետ՝ 2009-2013թթ. հուշարձանների համար տրված գումարները անփոփոխ էին, սակայն այժմ նկատվում է աճ: Եթե 2014թ. դրանց վերականգնման աշխատանքների համար հատկացվել էր 259 միլիոն դրամ, ապա 2015թ.` 300 միլիոն դրամ», - նշեց Արև Սամուելյանը:
Զուգահեռ՝ մեծացել են նաև մասնավոր հատվածի ներդրումների ծավալները: Մշակույթի նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ եթե նախկինում մասնավոր հատվածը հիմնականում ներդրումներ էր կատարում ժամանակակից արվեստի բնագավառում, ապա այժմ պետության և մասնավոր հատվածի կողմից համատեղ աշխատանքներ են կատարվում պատմական հուշարձանների պահպանության գործում:
«Այսօր գիկատական աշխատանքը, նախագծումն ու պատրաստումը կատարվում է պետության կողմից, իսկ վերականգնման և շինարարական աշխատանքներում ներդրումներ են կատարում մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Նախորդ տարի մասնավոր հատվածի կողմից մոտ 850 միլիոն դրամ է ներդրվել հուշարձանների պահպանության ոլոտրում»,- ընդգծեց Արև Սամուելյանը:
Հայաստանում հուշարձանների պահպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության վառ օրինակներից է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկա պահին գործող Դաշտադեմի ամրոցի և դրա շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության և տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման համալիր ծրագիրը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին է ներկայացվել Գյումրի քաղաքում գտնվող՝ Ռաֆայել Աթոյանի «ՋաղացÕ « ճանապարհին» և Հակոբ Հակոբյանի «Սարերում/կթվորներ» որմնանկարների տեղափոխման, վերականգնման և ամրակայման աշխատանքներին նվիրված ծրագրային հայտը: Հիմնադրամի կողմից հատկացված 65.3 հազ ԱՄՆ դոլար գումարի շրջանակներում «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից այժմ իրականացվում են միայն Ռ. Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենք տեղափոխելու և որմնանկարն այնտեղ վերականգնելու և ամրակայելու աշխատանքները: Որմնանկարների ամրակայման, վերականգնման ուղղությամբ անհատ բարերարների, կազմակերպությունների կողմից իրականացվել են նաև Քոբայր, Որոտնավանք, Լմբատավանք հուշարձաններում առկա որմնանկարների վերականգնումն ու ամրակայումը:
Ներկա պահին, մասնավոր հատվածի հետ համագործակցության շնորհիվ վերականգնման աշխատանքներ են իրականացվում հետևյալ հուշարձաններում՝ Վարագավանք, Օձունի եկեղեցի, Տաթևի վանական համալիրի Քոբայրավանք, Սոլակի Մայրավանք, Կամարիսի Սբ Հովհաննես եկեղեցի, Մխիթար Գոշի դամբարան և այլն: