Հայաստանն ամեն օր ընդունում է Սիրիայից ժամանող գաղթականների
SocietyՍիրիայում տիրող ծանր իրավիճակում սիրիահայերն ավելի են հակվում Հայաստանում հաստատվելու մտքին. հայրենիքում ավելի արագ են լուծվում սոցիալական, կրթական, առողջապահական և մյուս խնդիրները: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հունիսի 26-ի նիստում նշել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մենք ամեն օր ընդունում ենք նրանց և ըստ անհրաժեշտության լուծումներ տալիս կեցության առաջնահերթ խնդիրներին: Հիմնական հարցը մնում է նորեկներին բնակարաններով և աշխատանքով ապահովելը, - հայտնել է նախարարը՝ հավելելով, որ ամառային շրջանում կարևոր է կազմակերպել նաև սիրիահայ երեխաների ճամբարային հանգիստը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է Սիրիայում տիրող լարված իրավիճակի և հայ համայնքի խնդիրները: Սիրիայում, այսօրվա դրությամբ, մնացել են մեծաթիվ հայեր, և այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններն ուժգնանում են, մեծանում է նաև հումանիտար ճգնաժամը: Հալեպը զրկված է ինտերնետային կապից: Դժվարացել է նաև ոչ հայկական անուն և ազգանուն ունեցող հայերին հայկական անձնագրեր տրամադրելու հարցը:
Սիրիահայերի հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին խոսել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին խոսել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր: