Արցախի սահմանամերձ բնակավայրերի զարգացումը պետության ուշադրության կենտրոնում է
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղեր: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը Մատաղիս գյուղում ծանոթացել է գործող ձկնաբուծարանի աշխատանքներին: Բակո Սահակյանը տնտեսության համար այս նոր ուղղությունը համարել է խոստումնալից` կարևորելով տեղերում նմանատիպ ծրագրերի կիրառումը:
Արցախի Նախագահը ծանոթացել է նաև Մարտակերտի շրջանի այդ հատվածներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին և Թալիշ գյուղի մերձակա տարածքներում գործող անձրևային ոռոգման համակարգին: Նա ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ պահաջնված է ու նոր որակ է հաղորդում բերքատվության բարձրացմանն ու գյուղատնտեսական մշակույթի զարգացմանը:
Սահակյանը հանդիպում է ունեցել Թալիշ համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել գյուղում առկա խնդիրները: Նախագահն ընդգծել է, որ պետությունն այսուհետ ևս հատուկ ուշադրություն է դարձնելու սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը` այն կարեւորելով քաղաքական եւ տնտեսական տեսանկյուններից:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: