Դասախոսի «լավության» գինը. հարուցվել է քրեական գործ
SocietyԵրևանի բնակիչ Հովհաննես Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս Հովհաննես Պետրոսյանը խղճահարությունից դրդված, 2014 թվականի հունիսի 27-ին «Շենքերի և կառույցների տեխնոլոգիա» առարկայից ՀՊՃՀ քոլեջի Ք-18 խմբի նախկին ուսանողներ Գուրգեն Թադևոսի Վարտանյանին և Սարկիս Դավրոսի Խզանյանին, առանց վերջիններիս ներկայության, նշանակել է քննական գնահատական` ակնհայտ կեղծ թվական գրառումներ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քննական ամփոփագրում:
Վերը նշված քրեական հոդվածով` մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք, մեկից երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, մեկից երեք ամիս ժամկետով կալանք կամ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում:
Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործը քննվելու է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: