Ցուցարարները` նախագահին. «Մենք չենք պատրաստվում հեռանալ Բաղրամյանից, մինչեւ չբեկանվի որոշումը»
SocietyԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը եւ առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները:
Խորհրդակցության սկզբում Սերժ Սարգսյանը հանգամանորեն անդրադարձել է վերոնշյալ խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումներին, միաժամանակ իր դիրքորոշումն ու մոտեցումները ներկայացրել վերջին օրերին հասարակական ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ բարձրացվող խնդիրների եւ դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ.
«Վարչապետի հետ մենք երեկ կրկին շատ երկար ենք խոսել եւ որոշել ենք այսօրվա մեր այս հերթական քննարկումը ավելի տեսանելի դարձնել մարդկանց համար, լուսաբանել այն, թեպետ աշխատանքային քննարկումները սովորաբար չեն լուսաբանվում, քանի որ հասարակության համար առաջնային են արդյունքները, եւ ոչ թե այն աշխատանքը, որ կատարվում է դրանց հասնելու համար: Այնուամենայնիվ, սա կարեւոր է այսօր, որպեսզի մարդիկ տեսնեն, թե վերջին ամիսների ընթացքում այսպես ինտենսիվորեն ընթացող մեր քննարկումներն ինչ ուղղությամբ են գնում, որտեղից ենք սկսել, որտեղ ենք հիմա եւ ուր ենք ուզում հասնել:
Անկեղծ ասած՝ այս գործընթացի մասին ես ուզում էի խոսել նաեւ մեր հասարակական ակտիվիստների հետ, երբ նրանք հանդիպում էին ցանկացել, եւ ես նրանց հրավիրել էի զրուցելու: Ինչեւէ, բողոքի ակցիայի վերաբերյալմեր մոտեցումները չեն փոխվել, թեկուզ եւ հանդիպելու համար կարծես հնարավոր չեղավ խումբ ընտրել, եւ չեն փոխվել նաեւ մեր հորդորները՝ խոսելու, բողոքելու, բարձրաձայնելու իրավունքի իրականացման ընթացքում զերծ մնալ անօրինականություններից, եւ, ի վերջո, հրաժարվել մայրաքաղաքի կենտրոնը առավել ծանրաբեռնելու քայլերից:
Էլ ավելի խորապես ուսումնասիրելով ցուցարարների, ոստիկանության եւ քաղաքական գործիչների պահվածքն ու համագործակցության մեթոդները՝ նախագահը նաեւ նշել է.
«Ուզում եմ արձանագրել մի փաստ եւս. ցուցարարները եւ իրավապահներն այս մի քանի օրերի ընթացքում կարողացան ավելի մեծ փոխադարձ վստահություն ձեւավորել, քան հնարավոր էր մի քանի տասնամյակի ընթացքում: Ես, անշուշտ, հետեւել եմ վերջին զարգացումներին եւ ուզում եմ արձանագրել, որ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանը դարձավ մի մեծ ու արդյունավետ ուսումնական կենտրոն՝ համալսարան, որտեղ մեր քաղաքացիներն ու իրավապահները, լրագրողներն ու պատգամավորները, մտավորականներն ու օտարերկրացիները սովորեցնում էին իրար ու սովորում էին իրարից, լսում էին իրար, անգամ խնդրի հանդեպ անհանդուրժողականությամբ ափեափ լցված հանդուրժում էին միմյանց, լսում էին այնպես, ինչպես աշխարհի քիչ անկյուններում իրար լսել գիտեն:
Այս օրերին մենք հիացնում ենք բոլորին մեր պատասխանատվությամբ եւ ակտիվությամբ: Ակնկալում եմ, որ երիտասարդները նույնպիսի խոհեմություն եւ իմաստություն կցուցաբերեն նաեւ մեր վաղվա օրվա հանդեպ, իսկ մեր վաղվա օրվա ապահովությունը պահանջում է պահպանել այն կենսական համակարգերը, որոնք սնում են մեր երկրի տնտեսությունն ու յուրաքանչյուրիս ընտանիքը:
Մենք չենք կարող կտրել մեր երկրի կենսական օրգանները սնող զարկերակներն ու երակները միայն այն բանի համար, որ դրանք ախտահարված են հիվանդությամբ»:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ որոշման կասեցմանը, ապա Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ժողովրդի ուսերին դրված գումարը կվճարի ՀՀ կառավարությունը:
Ի պատասխան նախագահի հայտարարության՝ ցուցարարները հայտարարեցին, որ ՀՀ նախագահը կատարել իրենց պահանջներից միայն առաջին կետից մի փոքր հատված, եւ որ իրենք չեն հեռանալու Բաղրամյան պողոտայից այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ նախագահը, ով ունի նման լիազորություն, չբեկանի որոշումը:
Սոսե Չանդոյան