Կայացել է «Սպեղանի» երգչախմբի համերգը՝ նվիրված Կոմիտասին
CultureՀայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները հունիսի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հնչեցին «Սպեղանի» երգչախմբի կատարմամբ: Երգչախմբի համերգն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: «Սպեղանի»-ի երգչուհիները երեկոյի ընթացքում կատարեցին Կոմիտասի, Երկանյանի, Շարաֆյանի, Եկիմովի, Մարենցիոյի, Պալեստրինայի, Բրամսի գործերը:
«Սպեղանի» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սարինե Ավթանդիլյանի խոսքով՝ համերգը նվիրված էր Կոմիտասին:
«Սա մեր անդրանիկ ելույթն է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Կոմպոզիտորներ Մարենցիոյի և Պալեստրինայի խմբերգերն առաջին անգամ են հնչում Հայաստանում: Երգչախումբը երեք տարվա դադարից հետո առաջին անգամ է ելույթ ունենում»,- նշեց Սարինե Ավթանդիլյանը:
Ավթանդիլյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո «Սպեղանի» երգչախումբը հուլիսին կմեկնի Ֆլորենցիա՝ մասնակցելու միջազգային մրցույթ-փառատոնի:
«Ֆլորենցիայում անցկացվելու է խմբերգային երաժշտության հեղինակավոր փառատոն: Համերգները տեղի կունենան Ֆլորենցիայի հիանալի համերգասրահներում: Այս համերգի մեջ ներառված ստեղծագործությունները կհնչեն նաև Իտալիայում: Փառատոնին մասնակցելու են տարբեր երկրների երգչախմբեր»,-տեղեկացրեց «Սպեղանի» երգչախմբի
Միջոցառումից հետո ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նշեց, որ հավանեց համերգը: «Ինձ շատ դուր եկավ, և հաճույք ստացա»,-նշեց առաջին տիկինը:
Արդի խմբերգային արվեստի զարգացման գործում իր կարևոր ներդրումն ունեցող «Սպեղանի» երգչախումբը ոչ միայն շարունակում է դարերով մշակված հայկական երգչախմբային ավանդույթները, այլև հաջողությամբ յուրացնում այլ դպրոցների մոտեցումները, հայ և արտերկրի հանդիսատեսին մատուցում հոգևոր-դասական-ավանգարդ երգեցողություն: 1996 թվականին ստեղծված «Սպեղանի» երգչախումբը շարունակում է գործել ի հիշատակ արցախյան պատերազմիի նահատակների: Երգչախումբը մեծ ճանաչում ունի նաև համաշխարհային երաժշտական հասարակության շրջանակում, հասցրել է շրջագայել մ ի շարք երկրներում: