Ոստիկանությունն ապացույցներ ունի, որ ցուցարարների մոտ մահակներ կան
SocietyՈստիկանությունն ապացույցներ ունի, որ ցուցարարների մոտ մահակներ կան։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Հարցին, թե մե՞կ մահակի մասին է խոսքը, նա պատասխանեց. «Ոչ, մի քանի։ Կարճ փայտեր՝ մահակների նման, որոնք թափահարել են»։
Օսիպյանը չհամաձայնեց պնդմանը, որ մահակները նետել են ոչ թե ցուցարարները, այլ սադրիչները, եւ խնդրեց ոստիկանության նկատմամբ ավելի օբյեկտիվ լինել։
Հարցին, թե արդյոք մահակների թեման առիթ չի դառնա ուժային գործողություն սկսելու համար, Երեւանի փոխոստիկանապետը պատասխանեց. «Ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակներում»։
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում արդեն վեցերորդ օրն է, շարունակվում է բողոքի ակցիան, ցուցարարները այսօր մերժել են Սերժ Սարգսյանի առաջարկները։
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: