Չի բացառվում, որ նախաձեռնող խմբի անդամները հետ վերադառնան Բաղրամյան. հարցերը քննարկման փուլում են
Interview«Ո'չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա քիչ առաջ է եղել Բաղրամյան պողոտայում, որտեղ ամեն ինչ խաղաղ է ու հանդարտ: Երեկ տեղի ունեցածի վերաբերյալ նա հայտնեց, որ արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել.
«Տեղի է ունեցել այն, ինչ բեմից հայտարարվեց: Ովքեր ցանկացան մնալ Բաղրամյան պողոտայում, մնացին այնտեղ, իսկ ովքեր չցանկացան, նախաձռնության անդամների մի մասը նրանց ուղեկցեց այստեղ, որովհետեւ մենք միշտ հայտարարել ենք, որ մշտապես լինելու ենք ժողովրդի մեջ: Այսինքն մենք և՛ այնտեղ, և՛ այստեղ մարդ ենք ունեցել: Եթե իմ բախտը չբերեց ու ես ուղեկցեցի հանրահավաքի մասնակիցներին այստեղ՝ դա արդեն հանրության քննարկելիք հարցն է: Այս պահին նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում այլեւս նախաձեռնող չէ»:
Իսկ իր հասցեին հնչող որակավորումների վերաբերյալ էլ Վ. Շուշանյանն ասաց. «Ես նորմալ եմ վերաբերվում իմ հասցեին հնչեցվող բոլոր հայտարարություններին, դա պարզապես հայի խասյաթ է: Ամեն մարդ յուրովի է մտածում»:
Անդրադառնալով նախագահի որոշմանը, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ հավաքվածները բաժանվեն թեւերի, նախաձեռնության անդամը նշեց, որ դա հաղթանակ չէր. «Սա հաղթանակ չէր, պարզապես իշխանությունը հետքայլ կատարեց: Կարծում եմ, թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց ճնշման ներքո կայացվեց նման որոշում»:
Հետագա քայլերի հետ կապված էլ նա նշեց. «Դեռ հստակեցված չէ կմասնակցենք աուդիտին, թե ոչ: Այդ հարցը դեռ քննարկման փուլում է, երբ հստակ որոշում լինի մենք դրա մասին կհայտարարենք»:
Զրույցի ավարտին Վաղինակը նկատեց, որ ամեն հարց հարկավոր է որոշել ու կարգավորել հանսգտության մեջ լինելով, չպետք է տրվել էմոցիաներին: Նա նաեւ հավելեց, որ ամեն ինչ հնարավոր է և չի բացառվում նաեւ, որ նախաձեռնող խմբի անդամները հետ վերադառնան Բաղրամյան»:
Սոսե Չանդոյան