«Ժողովուրդ». Կատակի ողբերգական հետևանքները
Բոլորիս է հայտնի «քարով մի խաղա, մեջն արյուն կա» ժողովրդական խոսքը: Ողջաբերդի 20-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող Սերոբ Բուդաղյանին, անկասկած, այս խոսքերն անծանոթ չեն, բայց նա որոշեց խաղալ «քարով», ավելի հստակ' լիցքավորված ինքնաձիգով: 2013 թվականի մարտի 12-ին ԼՂՀ ՊԲ N զորամասում Սերոբի արձակած կրակոցից զոհվեց նրա ծառայակից ընկերը' Վոլոդյա Ավագյանը: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Ընկերները Վոլոդյային մտերմորեն «Տաշիր» էին կոչում' ելնելով նրա ծննդավայրի անունից: Տաշիրն ու Սերոբը մտերիմ ընկերներ էին. երբեք չեն վիճել, տարաձայնություններ էլ չեն ունեցել: Այդ օրը Սերոբը որոշել էր կատակել եւ իր ինքնաձիգով վախեցնել Տաշիրին, թե կսպանի… ու կատակի հետեւանքները ողբերգական եղան:
Մարտական դիրքում Սերոբը փամփուշտատուփն ամրացրեց զենքին, փակաղակը քաշելով' լիցքավորեց այն եւ փողն ուղղելով ընկերոջ գլխին' մեկ կրակոց արձակեց նրա ճակատի ձախ շրջանին եւ սպանեց:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սերոբի ծննդավայրի ղեկավար Նորայր Մելքոնյանը վստահեցրեց, որ զինծառայողն ընդունակ չէ մարդու սպանել, եւ տեղի ունեցածը թյուրիմացություն եւ պատահականություն է: Ողջաբերդի ղեկավարի գնահատմամբ' Սերոբն այն մարդն է, ումից շատ երիտասարդներ պետք է խոհեմություն եւ ընկերասիրություն սովորեն, օրինակ վերցնեն նրա բարությունից:
Ինչեւէ, ինքնաձիգն առանց կողմնակի միջամտության չի կրակել, իսկ միջամտողը եղել է Սերոբ Բուդաղյանը, ով, թեկուզ իր կամքից անկախ, դարձել է մտերիմ ընկերոջ անժամանակ մահվան պատճառը:
Որդեկորույս Սեդրակ Ավագյանը որեւէ դժգոհություն չի հայտնել դատարանին՝ ընդդեմ Սերոբի. նա միակ որդուն է կորցրել, եւ դրանից առավել ողբերգություն լինել չէր կարող: «Տղես ա մահացել՝ ինձ ոչ մի բան չասելով: Սերոբի մասին ընդհանրապես չի պատմել, չի խոսել: Եթե կռված լինեին կամ խնդիրներ ունենային, կասեր ինձ, բայց բան չի ասել»,-ցավը սրտում պատմել է Սեդրակ Ավագյանը: