Բաղրամյան պողոտայում այդպես էլ չեն կարողանում ձևավորել նոր համակարգող խումբ
Society«Ոչ թալանին» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում քննարկումներ էր սկսել վերջին երկու օրը բողոքի ակցիաների ղեկն իրենց ձեռքը վերցրած մի քանի քաղաքացիների հետ: Քննարկումը, որի օրակարգի մասին ոչ ոք չէր ցանկանում հստակ տեղեկատվություն տրամադրել, ընդհատումներով կայացավ երեք տարբեր հատվածներում: Վերջինից հետո նախաձեռնության անդամները գնացին` նշելով, որ դեռևս ոչինչ հստակեցված չէ: Ակցիայի մասնակից Սուրեն Սահակյանը, ով ևս մասնակցում էր քննարկմանը, ենթադ րություն արեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կարող են միանալ իրենց որպես քաղաքացիներ: Նա նշեց, որ քննարկումներ են գնում որոշումների կայացման մեխանիզմները հաստատելու ուղղությամբ: «Այսինքն` ոնց անել, որ հավաքված բազմության մեծամասնության կարծիքը ի հայտ գա»,- ասաց նա:
Բացի այդ` Սուրեն Սահակյանը նշեց, որ խոսք է գնացել նոր համակարգող խումբ ստեղծելու մասին: Իսկ թե ովքեր կլինեն նոր համակարգող խմբում` դեռևս պարզ չէ: Սուրեն Սահակյանի դիտարկմամբ` բոլոր հնարավոր նախաձեռնողներն այս պահին քնած են:
Հարցին ի պատասխան, թե ինչպես են տեսնում ակցիայի հանգուցալուծումն այն դեպքում, երբ երեք պահանջ է ներկայացվում` Սուրեն Սահակյանը նշեց. «Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ես կասեմ, որ մինչև երեք պահանջները չկատարվեն, այստեղից տեղ չեմ գնա: Բայց հիմնական պահանջները` չեղարկելն ու մեղավորներին պատժելը, ես կարծում եմ, որ եթե երկուսն էլ կատարվի, հանրությունը բավարարված կլինի»:
Մինչ այդ` Բաղրամյան պողոտայից իրազեկման երթ մեկնարկեց ոստիկանների ուղեկցությամբ: