Անակնկալ ցուցարարներին. Երգելով Բաղրամյան պողոտա մտան մոտ 20 երեխաներ (ֆոտո)
SocietyNews.am-ը գրում է.
Բաղրամյան պողոտայում, որտեղ այս պահին ընթանում է էլկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի նստացույցը, քիչ առաջ երկու կանայք մի խումբ մանկահասակ երեխաների բերեցին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շուրջ երկու տասնյակ երեխաներ պտտվեցին պողոտայով՝ երգելով Հայաստանի հիմնը: Նրանց ուղեկցող կանայք չցանկացան մեկնաբանել երեխաների այցը:
Բողոքի ակցիայի մասնակիցները երեխաներին ծափահարություններով ողջունեցին:
Նրանց մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ զգուշացրեց, որ այդ քայլով իրենք սրում են իրավիճակը, եւ հորդորեց երեխաներին հեռացնել Բաղրամյան պողոտայից: Նա նշեց, որ երեխաներին այստեղ գտնվել չի կարելի:
Երեխաները շարք կազմած երգելով հեռացան:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից http://news.am/arm/news/274184.html հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: