Բարիկադներից այն կողմ պատասխանատվության կրողը Վլադիմիր Գասպարյանն է
AnalysisՔանի որ վերջին օրերի ամենաթոփային թեման Վլադիմիր Գասպարյանի՝ հաճախ էմոցիոնալ պահվածքն էր Բաղրամյան պողոտայում՝ մի քանի նկատառում կուզենայի շեշտել առանց էմոցիաների:
Իմ գրառումներին հետևողները գիտեն, որ թերևս ինքս առավել շատ եմ թեմային անդրադարձել, այդ թվում՝ հումորով, սակայն չպետք է աչքաթող անել մի քանի ակնհայտ իրողություն:
Բարիկադներից թե այս, թե այն կողմ գտնվողների մեջ առավել էմոցիոնալ էին նրանք, ովքեր առավել շատ էին պատասխանատվություն զգում իրավիճակի համար: Ցուցարարների կողմում եղավ մի պահ, որ Վաղինակն ու իր ընկերները, ովքեր այդ պահին առավել շատ պատասխանատվություն էին զգում, անգամ մի պահ արտասվեցին և տրվեցին էմոցիաներին. ու դա բնական երևույթ է: Հիշում եմ, երբ պատգամավորության թեկնածու էի՝ երբեմն որոշումներ կայացնելիս անգամ մեկ երկու բաժակ կոնյակ էի խմում, որպեսզի թուլացնեմ նյարդային լարվածությունս: Բարդ է գիտակցել, որ այդ պահին պատասխանատու ես հազարավոր մարդկանց անվտանգության և ազատության համար, և շատ դժվար է հաղթահարել էմոցիաները:
Բարիկադներից այն կողմ պատասխանատվության կրողը Վլադիմիր Գասպարյանն է: Հաճախ սադրանքներ են լինում, օբյեկտիվ ու բնական լարումներ, տաքարյունության դրսևորումներ, և մշտապես հեշտ է տրվել գայթակղությանն ու բախումներ հրահրել: Ջրցանի չարաբաստիկ լուսաբացից հետո, որքան էլ իրավիճակը հաճախ գրեթե անդառնալի է եղել, բախումներ չեն եղել, և երկու կողմերն էլ, բնականաբար, կարողացել են այդ պահին զսպել իրենց էմոցիաները: Այս դեպքում ինձ համար միանշանակ ընդունելի էր Աստծուց ու գժուկներից խոսող, Աստվածաշնչից մեջբերումներ անող ոստիկանապետը, ով միգուցե երբեմն ափերից դուրս էր գալիս, քան հոնքերը կիտած ոստիկանության ղեկավարը, ով աջ ու ձախ ծեծելու հրամաններ է տալիս...
Ի վերջո, մեծագույն նվաճում է, որ ցուցարարների ու ոստիկանության միջև, մեծ հաշվով, նորմալ կոնսենսուս է ձևավորվել, և մենք, ովքեր էկրաններից այս կողմ ավելի շատ ենք լինում, քան Բաղրամյան պողոտայում, թերևս պետք է զերծ մնանք ՛՛կիլդիմ՛՛ հրահրելուց և գիտակցենք, որ պատասխանատվություն առավել շատ կրում են զոր ու գիշեր Բաղրամյանում անցկացնող մեր քաղաքացիներն ու Գասպարյան Վովան՝ իր կադրերով, ու նման դեպքում էմոցիոնալ դրսևորումներն ու նման թեթև միջադեպերը անխուսափելի են...
Համբերություն բոլորիս...
Վարուժան Բաբաջանյան