Ասպիրանտուրայում անվճար հեռակա ուսուցման տեղերի թիվը 239 է
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դիմորդներին հիշեցրել է հեռակա ընդունելության հետ կապված մի շարք դրույթներ: Նախարարը ֆեյսբուքի էջում գրառում է արել՝ նշելով, որ հեռակա ընդունելության հետ կապված իրեն ուղղված հարցերը շատ են:
«Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է տվյալ բուհը: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանել տվյալ տարվա կենտրոնացված և միասնական կարգով հանձնած քննական առարկայի (առարկաների) գնահատականները: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը: Փաստաթղթերի ընդունման ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Քննություններն անց են կացվում սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 20-ը»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Նախարարը հավելել է, որ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության փաստաթղթերի ընդունելությունը և մրցույթն իրականացվում է յուրաքանչյուր ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին:
«Ասպիրանտուրայում ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հեռակա ուսուցման ընդունելության տեղերի թիվը 239 է:
Փաստաթղթերի ընդունելությունն իրականացվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ընդունելության մասնագիտական քննություններն անցկացվում են յուրաքանչյուր ընթացիկ տարվա նոյեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում»,-եզրափակել է Աշոտյանը: