Արդարադատության ոլորտում հայ-վրացական համագործակցությունը թևակոխում է նոր փուլ
SocietyԱրդարադատության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը կարծես թևակոխում է նոր փուլ: Դրա վկայությունն է վերջերս Երևանում տեղի ունեցած հայ-վրացական իրավական ֆորումը՝ Հայաստանի, Վրաստանի արդարադատության ու Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարարների մասնակցությամբ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սա իրավական առաջին հավաքն էր, որտեղ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին, բաց կառավարմանը, հավասարակշռված քրեակատարողական քաղաքականությանը վերաբերող հարցեր՝ առանց որոնց անհնար է մեր երկրներում հասնել ժողովրդավարական կոնսոլիդացիայի:
Իրապես կարևոր է երկու հարևան երկրների միջև համագործակցային նման ֆորմատը, որովհետև արդարադատությունն այն համակարգն է, որն անմիջականորեն առնչվում է մարդու իրավունքներին և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը:
Վերլուծելով ֆորումում հնչած կարծիքներն ու քննարկումները՝ «Արմենպրես»-ն առանձնացրել է երկու կարևորագույն ասպեկտ՝ հիմնական կամ գաղափարական և հարակից կամ ինստիտուցիոնալ:
Հիմնական կամ գաղափարական ասպեկտ
Ֆորումը կարող է խթանել հարևան երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման և որոշակի միասնական քաղաքականության իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով երկու երկրների իրավական համակարգերի կատարելագործմանը: Սա համագործակցային բավական հետաքրքիր ձևաչափ է, մանավանդ, ֆորումում նախանշված նպատակի՝ ժողովրդավարական կոնսոլիդացիայի ապահովման տեսանկյունից: Հայաստանում ու Վրաստանում գիտակցել են, որ անհնար է կառուցել ժողովրդավարական համակարգ՝ առանց հարևան երկրների հետ պետական կառավարման և քաղաքականո ւթյան մշակման ինչ-որ միասնական հարթակ ստեղծելու:
Դա ոչ միայն մեր ժողովուրդների միջև վստահության ամրապնդման, միմյանց նկատմամբ բարեկամական հարաբերությունների խթանման, այլև ժամանակակից արագ զարգացող և գլոբալիզացվող աշխարհում առկա մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայելու, դրանից բխող սոցիալական, տնտեսական, կառավարման, իրավական ու քաղաքական ինովացիաների նկատմամբ ճկուն և ադապտիվ համակարգ ստեղծելու լուրջ նախադրյալ է:
Ինչպես հայտնի է՝ ժողովրդավարության հաստատման համար կարևոր է արտաքին նախադրյալը: Այն աշխարհագրական այնպիսի միջավայր է, որտեղ հարևանները ժողովրդավարական պետություններ են: Հետևաբար՝ հայ-վրացական հարաբերությունները, որոնք ուղղված են այդ արժեհամակարգի խթանմանը, կարող են արագացնել մեր երկրների մուտքը դեպի ժողովրդավարական քաղաքակիրթ աշխարհ՝ դրանով իսկ հիմք ստեղծելով արտաքին նախադրյալի իրականացմանը: Հատկանշական է, որ հանդիպման ժամանակ միտք է հնչել ֆորումին հաղորդել տարածաշրջանային ձևաչափ, որը կարևոր է կոնֆլիկտներով լի մեր տարածաշրջա նում վստահության ամրապնդման համար:
Հարակից կամ ինստիտուցիոնալ ասպեկտ
Ոչ պակաս կարևորություն ունի նաև ինստիտուցիոնալ ասպեկտը, երբ երկու երկրները կարող են մշակել ու ստեղծել փորձի փոխանակման արդյունավետ ընթացակարգ՝ գործուն մեխանիզմներով: Հատկապես համագործակցությունն արդարադատության համակարգում կոռուպցիայի վերացման, բաց կառավարման, հավասարակշռված քրեակատարողական քաղաքականության, քաղաքացիական կացության ակտերի և նոտարիատի ոլորտներում կարող է նպաստել համակարգի զարգացմանը թե՛ ծրագրային, թե՛ ինստիտուցիոնալ, և թե՛ գործառնական տեսանկյունից: Սրանք էլ իրենց նպաստը կբերեն հետագայում մեր քաղաքացիներին ավ ելի որակյալ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում:
Գաղափարն իրոք լավն է, եթե այն չմնա զուտ ֆորմալության մակարդակում և իրապես ստանա գործառնական մեկնարկ: Վրացական կողմի հետ համապարփակ և համընդգրկուն համագործակցությամբ մեր երկրները կկարողանան գրանցել լավ արդյունքներ՝ արդարադատության որակի բարձրացման և ժողովրդավարական ինստիտուտների խթանման գործում: