Հայ վավերագրողները կտեղեկանան Բալթիկ ծովից մինչև Սև ծով վավերագրական ֆիլմերի ցանցի մասին
CultureԲալթիկ ծովից մինչև Սև ծով վավերագրական ֆիլմերի ցանցը (B2B DOC NETWORK) հուլիսի 16-ին կներկայացվի հայ վավերագրողներին, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվողներին: Ինչպես տեղեկացրին երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակից, միջոցառման ընթացքում խոսվելու է մի շարք թեմաների մասին, որոնք առնչվում են վարվերագրական ֆիլմերին, այդ թվում՝ արտադր ություն, համատեղ արտադրություն , դիստրիբյուցիա և այլն:
B2B Doc-ը վավերագրողների միջազգային ցանց է, որտեղ ներգրավված են անդամներ Շվեդիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից: Այս համագործակցության ցանցը այժմ կազմավորման փուլում է: Սակայն այն դառնալու է ոչ պաշտոնական բաց ֆորում, որը ղեկավարելու ու աշխատացնելու են իրենք՝ կինոգործիչները: B2B Doc-ը կնախաձեռնի և կաջակցի համատեղ արտադրություններին նշված երկրներում: Ամեն տարի մի շարք ընտրված նախագծեր ամենսկզբնական փուլում կստանան ֆինանսական աջակցություն: Փորձառու մասնագետների ղեկավարությամբ այդ նախագծերը կպատրաստվեն ներկայացվելու առաջատար Եվրոպական կինոֆորումներում: B2B Doc-ը նաև նախատեսում է վարպետության դասեր, սեմինարներ, աշխատաժողովներ, ուսումնական այցեր և այլ միջոցառումներ վավերագրողների համար, որպեսզի բացահայտվեն մասնակից երկրներում առկա ստեղծագործական, տեխնիկական և դիստրիբուցիոն հնարավորությունները և տարածաշրջանում էլ ստեղծվեն ֆիլմեր միջազգային մեծ հանրությանը ներկայանալու համար:
Նախագիծը կներկայացնի շվեդ վավերագրող Ալեքս Շիրաևը: Միջոցառման լեզուն կլինի ռուսերեն: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև հայերեն թարգմանություն:
Ալեքս Շիրաևը շվեդ վավերագրող է: Իր վերջին ֆիլմը՝ «Գազային զենքը» (2014)՝ արտադրված Դիքսիտ Ինտերնացիոնալի կողմից շվեդական հեռուստատեսության համար (SVT), պատմում է, թե ինչպես է Ռուսաստանը օգտագործում գազի արտահանումը եվրոպական երկրների վրա քաղաքական ազդեցություն գործելու համար: Ալեքսն այժմ աշխատում է B2B Doc նախագծի՝ վավերագրողների ազատ ցանց ստեղծելու վրա, որի շնորհիվ հնարավոր կլինի հեշտությամբ կապ հաստատել և համատեղ արտադրություններ կազմակերպել Սկանդինավիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի միջև: