Գավառից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների առաջին խումբը
SocietyԳեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի զինկոմիսարիատից հանդիսավորությամբ Հայոց բանակ մեկնեցին առաջին հավաքի 27 նորակոչիկները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` նորակոչիկները վաղ առավոտյան իրենց ծնողների եւ զինկոմիսարիատի աշխատակիցների ուղեկցությամբ զինկոմիսարիատից ուղեւորվեցին դեպի Գավառի կենտրոնական հրապարակ, որտեղ ծաղիկներ դրեցին եւ խոնարհվեցին Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Այնուհետ նորակոչիկները եւ նրանց ծնողներն ու հարազատները, ինչպես նաև ուղեկցող պաշտոնական անձինք այցելեցին Գավառի Սուրբ Աստվածածածին եկեղեցի` ստանալու օրհնություն եւ հոգեւոր հաղորդություն:Օրհնության կարգ կատարեց եւ նորակոչիկներին բարեմաղթանքներ հղեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:»Արդեն նվիրական ու գեղեցիկ ավանդույթ է այն, որ Հայոց բանակի նորակոչիկներին բանակ ենք ճանապարհում մայր եկեղեցուց: Թող Աստված օրհնի ձեր ճանապարհը, իսկ դուք լինեք այնքան քաջ ու վճռական, այնպիսի փորձառություն ձեռք բերեք, որվեր չքնաղ հայրենիքը կարողանա ապրել իր խաղաղ, ստեղծագործ ընթացքով»,-նորակոչիկներին դիմեց Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:
Նորակոչիկներին շնորհավորեց ու բարի ճանապարհ մաղթեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Ծնողների դեմքին անթաքույց հուզմունք եմ նկատում, բայց դա, անկասկած, հպարտության հուզմունք է: Ձեր զավակները ծնվեցին Հայաստանի անկախության ծննդի հետ, հասակ առան ու հիմա պատրաստ են այդ անկախության պաշտպանմանը: Սիրելի նորակոչիկներ, ամուր ու ուժեղ եղեք, իմացեք, որ մեր պետությունը միշտ ձեր կողքին է:Մեր երկրի սահմաններն օրեցօր ամրապնդվում են, դառնում ավելի անվտանգ, մեր բանակը զինվում է ամենաարդիական սպառազինությամբ, իսկ դուք անելիքներ շատ ունե ք մեր երկրի սահմանների պաշտպանության գործում: Մեզ ու մեր հայրերին բախտ չվիճակվեց Հայոց բանակի զինվորը դառնալու, բայց դուք բախտավոր եք, որ կրում եք Հայոց հայրենիքի պաշտպանները լինելու պատիվը»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Գավառի զինկոմ, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին, միաժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ եւ հրամանով այսօր նորակոչիկները կայցելեն Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան, Եռաբլուր եւ Ծիծեռնակաբերդ, իսկ զորամասեր մեկնելու վիճակահանությունը կկայանա հուլիսի 3-ին:
Նորակոչիկների մեկնման պատվին Գավառի հրապարակում տրվեց համերգ, որտեղ հնչեցին ռազմահայրենասիրական երգեր: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի նախազորակոչային բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանի տեղեկացմամբ` հուլիսի 2-ին հանդիսավորությամբ նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները Հայոց բանակ ճանապարհվեցին նաեւ Մարտունու, Սեւանի եւ Վարդենիսի զինկոմիսարիատներից:
Խոսրով Խլղաթյան