Գավառի թատրոնի շենքի շինարարությունն ավարտելու համար կպահանջվի եւս 350 միլիոն դրամ
SocietyԳավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետթատրոնի շենքի շինարարության համար ՀՀ կառավարությունը 2014-15 թվականնների ընթացքում հատկացրել է 235 միլիոն դրամ, որով իրականացվել է շինարարական աշխատանքների մի մասը, շենքի կառուցումը շարունակվում է նաեւ այժմ, սակայն աշխատանքներն ավարտին հասցնելու համար կպահանջվի եւս 350 միլիոն դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներ իրականացնող «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի տնօրեն Լյովա Մարտիրոսյանը, այս տարի հատկացված 112 միլիոն դրամի հաշվին ավարտի կհասցվեն հին շենքի քանդման, հողային նոր շենքի հիմքի կառուցման, կմախքի հավաքման աշխատանքները: Շինարարությունում աշխատում են մինչեւ 30 բանվոր ` ամսական 180 հազար դրամ միջին աշխատավարձով: «Եկող տարվա համար թատրոնի շենքի կառուցման համար պետբյուջեից հատկացվելու է 90 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ 2016 թվաքկանին եւս չի ավարտվի շինարարությունը: Մենք խնդրելու ենք Գեղարքունիքի մարզ պետ Ռաֆիկ Գրիգորյանին` ֆինանսական հատկացումները ավելացնելու համար, որպեսզի եկող տարի կարողանանք թատրոնի շենքը հանձնել շահագործման»,-նշեց Լյովա Մարտիրոսյանը: