Ծերուկը թեժացրեց վիճակը Բաղրամյանում ու «թռավ»
SocietyԱյսօր Բաղրամյան պողոտայում, ինչպես եւ բոլոր երեկոներին, հնչում էր հայկական երգ ու երաժշտություն,- հայտնում է Orer.am-ը: Հավաքված ժողովուրդը պարում էր եւ ժամանակ առ ժամանակ հնչեցնում պահանջատիրական կոչեր: Կարծես թե ամեն ինչ ընթանում էր իր հունով, մինչև հայտնվեց նա՝ իր «եվրոպամոլ» դրոշներով:
Թեպետ, կարծում եմ, դժվար չէ կռահել, թե ում մասին է խոսքը գնում. դե, իհարկե, Պ. Հայրիկյանի: Մի կողմ դնելով այն հարցը, թե ինչպես ազդեց ծերունու այդ քայլն առանց այդ էլ իր ջախջախված հեղինակության վրա՝ անցնենք երիտասարդության արձագանքին:
Նկատենք, որ տեսնելով Եվրամիության դրոշը՝ նախ ակցիայի կազմակերպիչներից մեկը բարձրախոսով դիմեց, որպեսզի նրանք իջեցնեն այդ դրոշները, քանզի Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույց-հանրահավաքը չի կրում եւ ոչ մի քաղաքական նրբերանգ:
Հայտարարությունից հետո բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված Պ.Հ.-ի եւ հավաքված երիտասարդների միջեւ բանավեճ սկսվեց: Վերջինս պնդեց, թե տղաները դիմել են Եվրոպական դատարան, այդ իսկ պատճառով նա եկել է Բաղրամյան այդ դրոշներով:
Նկատենք, որ այդ դրոշների կողքին նրա թիմակիցները ծածանում էին նաեւ հայկական եռագույնը:
Տեղեկացնենք, որ ցուցարարները, տեսնելով Պ.Հ.-ի անհասկանալի հպարտ պահվածքը, սկսեցին սուլել եւ վանկարկել «հեռացիր» եւ «եռագույն» բառերը: Հանդիպելով հակաքաղաքական մեծ պատնեշի՝ նա կարծես թե փրփուրներից էր կախվում, փորձում լրագրողների եւ ցուցարարների աչքը մտցնել Հայաստանի դրոշը՝ ասելով. «Իսկ դուք դե՞մ եք Հայաստանի դրոշին»:
Մի խոսքով՝ մի լավ պախարակվելուց եւ թուքումուր ուտելուց հետո նոր միայն Պ.Հ.-ն ու իր թիմակիցները իջեցրին Եվրամիության դրոշը՝ թողնելով միայն Հայաստանի ծածանվող եռագույնը:
Տեղեկացնենք եւ հիշեցնենք, որ մինչ նրա հայտնվելը որեւէ անկարգություն չի նկատվել ցուցարարների կողմից` ոչ մի ավելորդ խոսք, առավել եւս դրոշ…
Սոսե Չանդոյան