Ծափաթաղում իրականացվում է 20 հեկտար բնական անտառի վերականգնման ծրագիր
SocietyԳեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում Եվրոպական Միության ֆինասավորմամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կլիմա իստ» պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացվում է 20 հեկտար բնական կաղնու անտառի վերականգնում եւ 1100 գծամետր երկարությամբ դաշտապաշտպան անտառաշերտի ստեղծում: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կլիմա իստ» պիլոտային ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը, Ծափաթաղի կաղնու բնական անտառների վերականգնումը կատարվում է հատված ծառերի բներին աճած շիվերի գերխիտ մասերը հատելու, յորաքանչյուր բնի վրա 3-4 կենսունակ եւ ուժեղ շիվեր թողնելու միջոցով:
«Մենք այս եղանակով արագացնում ենք խաթարված բնական անտառի վերականգնման պրոցեսը:Մոտ երկու տասնամյակ առաջ հատված կաղնիները բազմաթիվ շիվեր են արձակել, որոնցից շատերը նվազ կենսունակ են, քիչ մասը` առավել կենսունակ:Մենք հատում ենք ծռմռված, համեմատաբար բարակ շիվերը եւ թողնում առավել հաստ եւ ուղիղները, որոնք մոտակա տարիների ընթացքում կաճեն ավելի արագ ու կվերականգնվեն ամբողջությամբ: Հատումը կատարվում է բենզասղոցով, լեռնային թեքություններում, ինչը որոշակիորեն դժվարացնում է աշխատանքը: Ապրիլի սկզբներին, երբ սկսեցինք աշխատանքները, կաղնուտները դեռ չէին տերեւակալել, բաց ու տեսանելի էին, եւ համեմատաբար հեշտ էր ավելորդ շիվերի հատումը: Բայց թփակալումից հետո արդեն դանդաղում են աշխատանքները: Հուլիսի 3-ի դրությամբ կաղնուտների շիվերի հատումը կատարվել է 6,5 հեկտարի վրա, մնացած 13,5 հեկտարի հատումը կավարտվի մինչեւ տարեվերջ: Աշխատանքներն արագ կընթանան տերեւաթափից հետո:Աշխատանքներում ընդգրկված են 25-30 բանվորներ:Շիվերի հատումից առաջացած ցախն անհատույց տրամադրվում է տեղի բնակիչներին»,-նշեց Արամ Տեր-Զաքարյանը:
Նույն ծրագրի շրջանակներում Ծափաթաղի հարավային հատվածում ստեղծվել է 1100 գծամետր երկարությամբ դաշտապաշտպան անտառային շերտ, որտեղ տնկվել է բարդի եւ հացենի ծառատեսակների 1500 տնկի` երկու շարքով: Համայնքի ուժերով նույն հատվածում հիմնվել է 0,50 հեկտար տանձի այգի:»Բոլոր տնկիները կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար, դրանց խնամքը գտնվում է մեր հոգածության ներքո: Առայժմ տնկիները ոռոգում ենք ավտոմեքենաների կամ ռետինե խողովակների միջոցով, մինչեւ որ լուծենք կաթիլային եղանակով ոռոգման համակարգ ունենալու խնդիրը»-հավաստեց Ծափաթաղի գյու ղապետ Թագուհի Բոյախչյանը:
Խոսրով Խլղաթյան