Ի”նչ կա ոչ հետևողական աշխատանքի հետևում. չնայած արգելքին` Մարիլան շարունակել է մթերք մատակարարել
SocietyՍննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. հունիսի 22-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը և հանձնարարվել վերացնել հայտնաբերված խախտումները:
ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ն կազմակերպել է սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, միաժամանակ թողարկել փորձնական արտադրանք, որը սահմանված կարգով ներկայացվել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ պաստերացված կաթի և մածունի արտադրությունը համապատասխանեցվել է Կաթի, կաթնամթերքի և դրանց արտադրության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Հաշվի առնելով, որ արտադրողը սահմանված ժամկետներում վերացրել է Ծառայության կողմից տրված բոլոր խախտումները` Ծառայության պետի որոշմամբ արտադրության կասեցումը վերացվել է:
Հատկանշական է, որ չնայած դեռևս հունիսի 22-ին Ծառայության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ նշվում էր, որ ընկերությանը հանձնարարվել է իրացման կետերից և պահեստից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել նշված խմբաքանակները և մինչև հուլիսի 7-ը վերացնել խախտումները՝ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում արտադրվող պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, այդուհանդերձ նշված մթերքները շարունակվել են մատակարարվել իրացման ցանց, ավելին` սոցիալական ցանցում օգտատերերից մեկը հրապարակել էր իր կողմից լաբորատոր փորձաքննության հանձնված մթերքի արձանագրությունը, որում ևս փաստվում էր, որ մթերքն աղտոտված է:
Ստացվում է, որ ծառայությունը զբաղված է միայն հայտարարություններ տարածելով, իսկ վտանգավոր մթերքները շարունակում են վաճառվել նաև ստուգման ընթացքում և ինչու չէ անգամ ստուգումից հետո:
Տեղին կլինի, որպեսզի ծառայությունը պարզաբանի, թե ինչպես է ստացվում, որ չնայած արգելքին արտադրողը շարունակել է մթերք մատակարարել շուկա, կամ ինչպես է ստացվել, որ այս ամենը տեսել են բոլորը, բացի իրենցից: