Պավել Մանուկյանը կոչ է անում սփյուռքին միանալ հայ երիտասարդների պայքարին
SocietyՀիմնադիր Խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը կարծում է, որ Սփյուռքը պետք է կերտի Հայաստանը, աջակցի եւ օգնի Հայաստանում այն երիտասարդներին, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար: Այս մասին այսօր հուլիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա Բաղրամյան պողոտայում:
«Սփյուռքում բոլոր տեղերում էլ ունենք Հայկական վերածնունդ, այն պետք է մեր երկրի երիտասարդության նման զարթոնք ապրի, պայքարի նրանց հետ, ոչ թե ամեն անգամ ասի` «դեմ ըլլալով կողմ քվեարկած ենք»: Սփյուռքահայերը չպետք է մտածեն, թե որ երկրում են ապրում, Հայաստանը բոլորինս է եւ պետք է մեր երկրի մասին բոլորը մտահոգվեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: