ՀՀ ռազմական ավիացիան անընդհատ զարգացում է ապրում
Society: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ավիացիոն ուժերի անձնակազմի հրամանատար, անկախության տարիների առաջին օդաչու Արմեն Ափիկյանի գնահատմամբ` կազմավորման 23 տարիների ընթացքում ավիացիան լուրջ ձեռքբերումներ է ունեցել: «Շատ դժվար պայմաններում է ձեւավորվել ավիացիան եւ եթե համեմատական անցկացնենք, ապա այսօր ռազմական ավիացիոն ինստիտուտի պայմաններն ու որակը լավն են եւ նոր սերնդի մակարդակը խիստ տարբերվում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ափիկյանը` հավելելով, որ ի տարբերություն այսօրվա, երկու տասնամյակ առաջ ոչ միայն տեխնիկա չկար, այլեւ մարդկային կադրերն էին բացակայում: «Այսօր ավելի շատ ու լավ տեխնիկա ունենք, քան քսաներեք տարի անց եւ կարողանում ենք ցանկացած խնդիր լուծել»,- ասաց Ափիկյանը: Խոսելով կադրերի մասին, Ափիկյանն ասաց, որ տարեցտարի դիմորդների թիվն ավելանում է եւ ակնհայտ է, որ երիտասարդները նախընտրում են ավիացիոն ոլորտը:
ՀՀ ՊՆ ռազմաօդային ուժերի մայոր Գոռ Ղազարյանի խոսքերով` հիմնական պատճառը, որ երիտասարդները նախընտրում են ռազմաօդային ուժերը, հայրենասիրությունն է ու հայրենիքի հանդեպ, բանակի հանդեպ սերը: Նա շեշտում է, որ հայկական ավիացիոն ուժերն իրենց մարտական ոգով եւ կամքով ավելի բարձր մակարդակի վրա են: «Քանի Դադիվանքում, Ամարասում եւ Գանձասարում կնքվում են հայ մանուկներ, մենք տեր ենք լինելու մեր երկրին: Սա ռազմական ավիացիոն ուժերի բոլոր ներկայացուցիչների նշանաբանն է, եւ մենք առաջ ենք շարժվում այդ գաղափարախոսությամբ»,- ասաց Ղազարյանը: Խոսելով նյութական պատրաստվածության մասին, Ղազարյանն ասաց, որ տեխնիկան այնքան է, որ կկարողանան համարժեք պատասխան տալ հակառակորդին: