Ակտիվիստները գնացին Ազատության հրապարակ. 19.00-ին տեղի կունենա քննարկում
SocietyԲաղրամյան պողոտան այժմ երթեւեկելի է:
Ինչպես եւ հայտնել էր ՀՀ ոստիկանությունը, Բաղրամյան պողոտայի՝ շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը կվերականգնվի: Չնայած նրան, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բազմիցս հորդորել էր հանրահավաք-նստացույցը շարունակել Ազատության հրապարակում, այնուամենայնիվ, ակցիայի մասնակիցները հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին եւ շարունակեցին պայքարը նույն վայրում, ինչի հետեւանքով էլ ոստիկանությունը դիմեց որոշակի գործողությունների:
Այս անգամ ոստիկանությունը նստացույց իրականացնողների հետ վարվեց շատ ավելի կրեատիվ: Ակտիվիստները ճանապարհի երթեւեկելի հատվածից պարզապես տեղափոխվեցին դեպի մայթեր: Ցուցարարներից մի քանիսը տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունքներ: Այժմ Բաղրամյան պողոտայի մայթեզրերին ոստիկանական պատնեշ է կազմած:
Ի դեպ, քիչ առաջ Արթուր Հարությունյանը, ով ներկայացավ որպես նախաձեռնող խմբի անդամ, հանդես եկավ հայտարարությամբ. «Պահանջում ենք, որ ազատ արձակվեն բոլոր մեր այն ընկերները, որոնց տեղափոխեցին ոստիկանական բաժանմունքներ: Ոստիկանները նրանց ապօրինի կերպով լիկվիդացրեցին մեր շարքերից»:
Այն դիտարկմանը, որ Վ. Օսիպյանը հայտարարել է, թե օրենքով սահմանված երեք ժամը դեռ չլրացած ձերբակալվածները ազատ կարձակվեն, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Նրանց պետք է բերման չենթարկեին, նրանք միշտ են ասում ազատ կարձակենք, բայց դե տեսնենք՝ ինչ կլինի: Խաղաղ ցուցարարների հանդեպ բռնություն չպետք է կիրառեին, բայց տեսանք, թե ինչ եղավ. խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառվեց բռնություն»:
Նա նաեւ հավելեց, որ իրենց պահանջները մնում են նույնը, իսկ հետագա քայլերի մասին նրանք կտեղեկացնեն Ազատության հրապարակում անցկացվող քննարկումից հետո. «Մենք 19.00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում: Մենք չենք նահանջում, մեր պայքարը դեռ շարունակվում է: Թե ինչ քայլերի կգնանք հետո, տեղում կորոշենք: Պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր պահանջը լիովին բավարարվի»:
Սոսե Չանդոյան