Գյումրիում ակնկալում են նախարարության աջակցությունը գլխավոր կամուրջը վերանորոգելու գործում
SocietyԳյումրու գլխավոր՝ «50-ամյակի» կամրջի վերանորոգման խնդրանքով Գյումրու քաղաքապետարանը դիմել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ փաստելով, որ կամրջի վերանորոգման հետ կապված կան լուրջ խնդիրներ, որոնք վերացնել համայնքային բյուջեի միջոցներով հնարավոր չէ:
«Ինչ մեզանից կախված է, մենք անում ենք՝ ջրահեռացման համակարգերի, ինչպես նաև կոսմետիկ վերանորոգումներ նույնպես արվել են, ջրաշինարարների հետ կանենք նաև կամուրջի վրա արված կտրվածքների վերականգնում, բայց հիմնանորոգում իրականացնել սեփական միջոցների հաշվին անհնար է: Կամուրջը լուրջ շինություն է, և դրա նորոգումը պետք է կատարի համապատասխան գերատեսչությունը: Չեմ կարող ասել, որ կամուրջը վթարային վիճակում է, բայց չեմ էլ կարող ասել, որ անվտանգ է: Համայնքային բյուջեի հաշվին կարող են իրականացվել միայն ասֆալտապատման, կոսմետիկ նորոգման և ջ րահեռացման համակարգերի վերականգնման աշխատանքներ»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ ավելացնելով, որ համայնքային բյուջեի միջոցներով կամուրջի վրա կավելացվի լուսակետերի թիվը:
Գյումրու Շիրակացի փողոցն Անկախության հրապարակին միացնող կամրջի հիմնանորոգման հարցը տարիներ շարունակ եղել է քննարկման առարկա« սակայն, միայն իրականացվել են ասֆալտապատման և կոսմետիկ նորոգման աշխատանքներ:Քաղաքի գլխավոր կամուրջը կառուցվել է 1976 թվականին: