Բաղրամյանից քաղված դասերը
AnalysisԲաղրամյանի կանգառից հետո, որից այսօր դուրս եկանք, ակնհայտորեն, կա երկու հնարավորություն՝ Բարեկամություն կամ Երիտասարդական:
Դաս 1
Երկրում տիրող անարդարությունը, չքավորությունը, անհեռանկարությունը և անտաղանդ կառավարումը նեղացնում են օղակը յուրաքանչյուր արդարամիտ ու բանական մարդու վզին, որոնք թեև հոսանքի սակագնի թանկացման պարագայում ամենաքիչ խոցելի խավն էին, բայց և այնպես առաջինը դուրս եկան փողոց՝ բողոքելու անարդարության դեմ: Դրանց մեջ կային ոչ քիչ իշխանական թևի ներկայացուցիչներ, ովքեր զուսպ, բայց արտահայտվեցին նաև հանրության առջև:
Դասը՝ այս մարդիկ մեր երկրի հույսն են:
Դաս 2
Ցույցի նախաձեռնող խումբը, որը կազմված է համառ, տոկուն, բայց անփորձ և ոչ այնքան գրագետ երիտասարդներից (անձամբ եմ համարյա բոլորի հետ շփվել), չկարողացավ ճիշտ տնօրինել ստանձնած պատասխանատվությունը, և մինչև վերջ մնալ նախաձեռնող և ճիշտ տնօրինել հաղթանակը: Նրանց ակնհայտ վախերից մեկն էլ այն էր, որ փողոցից դուրս յուրաքանչյուր այլ հարթակում նրանք վախենում էին պայքարելուց:
Դասը՝ որևէ խնդրի համար պայքարը հաջողված կարող է լինել երիտասարդների ավյունի և ավելի մեծերի խելքի, փորձի և հաշվենկատության համադրությամբ: Ճիշտ այնպես, ինչպես եղավ տրանսպորտի դեպքում:
Դաս 3
Ակնհայտ է, որ կա վստահության իսպառ բացակայություն հանրության և իշխանությունների միջև, որի պատճառն ակնհայտ է. հանրությունը վստահ է, որ իշխանություններին բացարձակապես չեն հետաքրքրում մարդիկ, ովքեր ապրում են այս երկրում, և միայն անձնական շահն է, որ ղեկավարում է նրանց գործողությունները:
Դասը՝ երկրում պայթյունից խուսափելու համար իշխանությունը պետք է դեմքով շրջվի դեպի ժողովուրդը, և իր հետագա բոլոր քայլերով (ոչ միայն հոսանքի սակագնի հետ կապված) ցույց տա և ապացուցի իր խորը մտահոգությունը երկրում ծառացած անթույլատրելի իրավիճակի վերաբերյալ և համոզի հանրությանը դրանք շուտափույթ լուծելու իր ունակության և տրամադրվածության մեջ:
Դաս 4
Մեդիան ավելի քան երբևէ օրակարգ թելադրող էր: Live-streaming, բազմաթիվ հոդվածներ և հարցազրույցներ, ֆեյսբուք, ռուսական մեդիահիստերիան անգերագնահատելի ազդեցություն ունեցան ոչ միայն խնդրի լայնամասշտաբ թափ ստանալու մեջ, այլև հանգուցալուծման:
Դասը՝ մենք ունենք առաջին և չորրորդ իշխանությունները, բայց ոչ ավել:
Դաս 5
Հիմնավորումներ պետք են ոչ միայն իշխանություններին, այլև դիմադրողներին, լինի դա ընդդիմություն, ցուցարարներ, թե սովորական մարդ:
Դասը՝ վերաձևակերպելով Ալ Կապոնեի խոսքերն այս դեպքում՝ խաղաղ ցույցերով ու թվերով կարելի է հասնել շատ ավելի մեծ արդյունքի, քան միայն խաղաղ ցույցերով:
Ամփոփելով, դեռ երկար ճանապարհ կա մինչև խելքի բերենք մեր երկիրը, բայց եթե այն ամենը, ինչ հայտարարվել է հունիսի 27-ի հայտարարության մեջ, իրականանա, ապա մի երկու տարի հետո մենք լավ հենակետի վրա կլինենք:
Վահան Քերոբյան
ֆեյսբուք