Նոր բալետային ներկայացման սյուժեի հիմքում Արշիլ Գորկու կյանքի վերջին տարիներն են
CultureԱրշիլ Գորկու կյանքի վերջին տարիների դրվագները ներկայացվել են «Հզոր զգացմունքներ» պարային խմբի «Արշիլ Գորկի» բալետային բեմադրության մեջ: Այս մասին հուլիսի 6-ին լրագորղների հետ հանդիպմանը նշեց խմբի անդամ և ներկայացման հեղինակ Արսեն Մեհրաբյանը:
«Հայոց ցեղասպնության 100-րդ տարելիցին նվիրված «Արշիլ Գորկի» բալետը լինելու է մեկ գործողությամբ: Երկար տարիներ, շոշափելով և ուսումնասիրելով Արշիլ Գորկու կյանքն ու գործունեությունը, վերջապես մեզ հաջողվեց մարմնավորել իննը տարի հասունացող այս մտահաղացումը», - ընդգծեց Արսեն Մեհրաբյանը:
Արտիստը, ով հանդես է գալիս Շվեդիայի թագավորական բալետի թատրոնում, ուրախություն հայտնեց, որ այս ներկայացման պրեմիերան հաջողվել է իրակնացնել, առաջին հերթին, Հայաստանում, և հույս հայտնեց, որ հնարավորություն կլինի այն ներկայացնել այլ երկրներում ևս:
«Մեկ գործողության մեջ ներկայացնելու ենք Արշիլ Գորկու ողբերգական վերջին տարիները, երբ նա երեք անգամ փորձել է ինքնասպան լինել, իրենից հեռացել են կինն ու երեխաները, այրվել է արվեստանոցը, ինչպես նաև նրա ծանր դեպրեսիան», - ասաց Արսեն Մեհրաբյանը:
«Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ հուլիսի 9-ին և 10-ին: Երեկոյի առաջին հատվածում հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը, որը կներկայացնի Նորայր Մեհրաբյանի «Հերոսական բալլադը»:
Առաջին պրոֆեսիոնալ հայկական բալետային շրջիկ «Հզոր զգացմունքներ» խումբը կազմավորվել է 2006թ., երբ Երևանի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտ և եվրոպական տարբեր բեմերում հանդես եկող երիտասարդ պարողները որոշեցին համախմբվել: Հետագայում տղաներին, տարբեր նախագծերում, միանում են տարբեր ազգի պարողներ: