«Ազգային պատկերասրահ» 11-րդ փառատոնը հատեց եզրագիծը փակման համերգով
CultureՀայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը: Ծրագրում ընդգրկվել են հայտնի օպերաներից արիաներ և դերերգեր: Գալա-վոկալ համերգային ծրագրով հանդես են եկել հանրահայտ օպերային երգիչներ, հայկական վոկալի նոր սերնդի վառ ներկայացուցիչներ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն): Կոնցերտմայստերն էր Արմեն Աղաջանյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այս տարի փառատոնը մեկնարկել էր հունիսի 18-ին: 2005թ.-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող երաժշտական այս խոշոր փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի շրջանակներում կազմակերպված յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար:
2008 թվականից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: