Հայաստանում Ճապոնիայի դեսպանը պատրաստակամ է աջակցել երկկողմ հարբերությունների խորացմանը
Society
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կխթանի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու համատեղ նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը:
ԱԺ նախագահը նշել է, որ հայ-ճապոնական հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխվստահության վրա: Նա ընդգծել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո: Սահակյանը կարևորել է նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները եւ փոխայցերը, որոնք նպաստում են հարաբերությունների եւ համագործակցության խորացմանը:
Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ պատրաստակամ է աջակցելու երկկողմ հարբերությունների առավել խորացմանը եւ ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: