ՌԴ միգրացիոն ծառայությունը դրական է պատասխանել Շիրակի մոտ 2 հազար դիմումատուից 600-ին
SocietyՇիրակի մարզից ՌԴ միգրացիոն պետական ծառայություն ուղարկված մոտ 2 հազար դիմումներից 600-ն ստացել է դրական պատասխան: Հուլիսի 1-ի դրությամբ՝ Շիրակի մարզի 79 համայնքից ՀՀ միգրացիոն ծառայություն, այնտեղից էլ ՌԴ միգրացիոն ծառայության պետի անունով՝ ՌԴ մուտքի արգելափակումները հանելու խնդրանքով ուղղարկվել է շուրջ 2 հազար դիմում, որից 300-ը կրկնվող դիմումներ են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի տեղեկատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու Սամվել Գրիգորյանը, դրական պատասխանների թվի կտրուկ ավելացում նկատվեց ՌԴ Պետդումայի պատվիրակության Շիրակի մարզ կատարած այցից հետո: «Եթե մարտի դրությամբ ունեցել ենք 370 դրական պատասխան, ապա մարտին, ՌԴ պատվիրակության այցից հետո, անմիջապես կտրուկ փոփոխություն է եղել, և դրական դինամիկան բավական բարձր է: Այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ կա 600 դրական պատասխան:
Մերժվողների թիվը մոտ 800 է: Կա մոտ 100 դիմումատուի գործ, որոնց մերժումն արդեն դատարանի միջոցով է կատարվել, և այլևս միգրացիոն ծառայության իրավասության ներքո չէ, իսկ 137 քաղաքացիների վերաբերյալ ՌԴ միգրացիոն ծառայությունը տեղեկատվություն չի տնօրինում»,- նշեց Սամվել Գրիգորյանը՝ փաստելով, որ այս տվյալները միայն Շիրակի մարզպետարանի ստացած տվյալներ են, կան նաև դեպքեր, երբ ՌԴ միգրացիոն ծառայությունից քաղաքացիներին պատասխանում են՝ անմիջապես փոստի միջոցով: Գործընթացը այս պահին ևս շարունակվում է. Շիրակի մարզպետարանում ամեն օր 4-5 դիմում է ներկայացնում ՀՀ միգրացիոն ծառայություն: «Նախորդ ամիսների համեմատ այս դիմումների թիվը բավական քչացել է: Դիմումների մեծ հոսք գրանցվեց հենց գործընթացի սկզբում՝ 2014 թվականի հունիս-հուլիսին: Գործընթացն ավելի կանոնակարգվեց 2015 թվականի հունվարից: Գործընթացը ժամանակատար է՝ մարզպետարանից՝ ՀՀ միգրացիոն ծառայություն, այնտեղից էլ ՌԴ միգրացիոն ծառայություն և նույն ճանապարհով էլ հետ. դա է պատճառը, որ շատ դեպքերում պատասխանները մի փոքր ձգձգվում են»,-եզրափակեց Սամվել Գրիգորյանը:
Արմենուհի Մխոյան