Մենք չենք պայքարում իշխանությունների դեմ, այլ կանգնում ենք ժողովրդի կողքին. ակտիվիստ
InterviewՕրեր առաջ Ազատության հրապարակում հավաքված երիտասարդները, բացելով չակերտները, հայտարարեցին, որ Բաղրամյան պողոտայում ծավալած իրենց պայքարը քաղաքական էր: Նրանք նաեւ ասացին, որ հետագա պայքարի արդյունավետության համար ընտրել են կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն ստեղծելու գաղափարը:
Թե արդյո՞ք ստեղծվելիք քաղաքական ուժը կարող է ստիպել իշխանություններին հաշվի նստել իրենց հետ եւ անել այն, ինչ մինչ օրս չեն կարողացել անել ոլորտում հմտացած քաղաքական կառույցները, ակտիվիստներից մեկը, ով ներկայացավ որպես Արման, պատասխանեց Orer.am-ի հարցին: «Ժողովուրդն արդեն հոգնել է կուսակցություններից եւ այն ուժերից, որոնք ֆիկտիվ կերպով փորձում են ժողովրդին օգնել: Ժամանակը ցույց է տալիս, որ նրանց քայլերը լրիվ հակառակ արդյունք են տալիս: Մենք պարզապես ուզում ենք ստեղծել նախաձեռնող խումբ, որը կզբաղվի մեր կողմից առաջ քաշվող հարցերով:
Մեզ համար գերխնդիր է հոսանքի թանկացման, անարդարության հարցերը, որոնք այս պահին հուզում են երկրին ու ժողովրդին: Եկեք ընդունենք, որ այդ հարցերը հուզում են բոլորիս՝ եւ՛ ոստիկաններին, եւ՛ սովորական քաղաքացիներին: Մենք տեսանք, թե ինչ խոստումներ տվեցին ժամանակին` 3% տնտեսական աճ, սակայն տնտեսական աճը գնում է դեպի բացասականը, այսինքն՝ մեզ մոտ առաջընթաց չի գրանցվում»:
Orer.am-ի այն պնդմանը, որ Մարտի 1-ին ժողովուրդը եւս ոտքի էր կանգնել ու փորձում էր լսելի դարձնել իր խոսքը իշխանություններին, Արմանը պատասխանեց. «Մենք ժողովրդի ձայնն ենք: Այս պայքարը որեւէ անձնական խնդիր կամ հարց չի պարունակում: Մենք չենք պայքարում իշխանությունների դեմ, այլ կանգնում ենք ժողովրդի կողքին: Մենք պարզապես մեր վերնախավին` իշխանություններին, ցանկանում ենք հասկացնել, որ իրենք չեն որոշողն ու ընտրողը. ժողովուրդն է ընտրել այս իշխանությանը, ուրեմն նրանք պետք է ծառայեն ժողովրդին: Եթե մենք ենք ընտրել վերնախավին, ապա պարտավոր են մեզ լսել»:
Սոսե Չանդոյան