Վանեվանի նորահայտ խաչքարն իր վրա հայ ու օտար հնագետների ուշադրությունը
SocietyԳեղարքունիքի մարզի Վանեվան գյուղի հյուսիսային եզրին՝ համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի բնակարանի կողքին աչքի է զարնում մեծ ու գեղաքանդակ մի խաչքար, որը գրավել է ոչ միայն տեղացիների, այլ նաեւ սփյուռքահայերի, հայ եւ օտար հնագետների ուշադրությունը: Վիմագիր խաչքարն առանձնահատուկ է ոչ միայն իր վեհաշուք տեսքով, այլ նաեւ բացառիկ պատմությամբ, որն արդեն դարձել է ավանդազրույց տեղացիների շուրթերին:
Ինչպես Արմենպրեսին ներկայացրեց Վանեվանի գյուղապետ Նորայր Հարությունյանը, խաչքարն անորոշ ժամանակով գցված է եղել իր այժմյան տեղից մոտ 50 մետր հեռավորությամբ գտնվող մի հորի մեջ՝ անտարակույս, մահմեդական բնակչության ջանքերով: Այն հողի տակից լույս աշխարհ է բերվել 1989 թվականի ապրիլին՝ Բաքվից բռնագաղթված Կոլյա Բաղիրյանի դստեր պահանջով:»Բաքվից բռնագաղթի ենթարկված հայ ընտանիքի դուստրը երազում տեսել է խաչքարը, նրա գտնվելու վայրը եւ պահանջել է փորել նշված տեղը, որտեղ խոր հոր է բացվել, մեջը` մեր զորավոր, շքեղ խաչք արը:Վարդենիսի այն ժամանակվա շրջկոմի երկրորդ քարտուղար Կորյուն Հակոբյանի օժանդակությամբ վերամբարձ կռունկ բերվեց, որի օգնությամբ խաչքարը դուրս բերվեց իր թաքստոցից եւ դարձավ մեր հոգեւոր ու սուրբ մասունքը:Քանի որ հնագետներն այդպես էլ չկարողացան հստակեցնել, թե այն մինչեւ կողոպտվելն ու հորում թաքցվելը որտեղ է կանգնեցված եղել, որոշեցինք այն վեր խոյացնել Վանեվանի մատուռի ավերակների տարածքում, որտեղ նույնպես պահպանվել են մի քանի այլ խաչքարեր»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խաչքարը պատրաստվել է 12-րդ դարում կոպտատաշ բազալտից: Նրա կանգնեցված տեղը ավելի քան երկու տասնամյակ արդեն դարձել է ուխտատեղի տեղացիների եւ արտերկրի հայերի համար:»Նրա առջեւ էին երդվում մեր ազատամարտիկները մարտական գործողությունների մեկնելուց առաջ»,-հավաստեց համայնքի ղեկավարը: